Քննարկման ժամանակ կներկայացնեմ իմ տեսակետը․ ինչու Հայկ Սարգսյանի նախագիծը Աղազարյանի դուրը չի եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստը ՔՊ-ական պատգամավորների միջև լեզվակռիվներով ու բանավեճերով ուղեկցվեց:

Նիստի ժամանակ քննարկվում էր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց նախագիծը, որով պատգամավորն առաջարկում է վճարել 15 մլն դրամ եւ ընդհանրապես ազատվել զինվորական ծառայությունից։

ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստին ՔՊ խմբակցության մյուս պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ «օրենքի ոգու» հետ համաձայն չէ, հետո Հայկ Սարգսյանին ասաց՝ «Ես ամեն ինչ կանեմ, որ ձեր նախագիծը չընդունվի»:

ArmLur.am-ը հետաքրքրվել է Հովիկ Աղազայանից՝ ի՞նչ է անելու, որ խոչընդոտի իր թիմակցի հեղինակած նախագծի քննարկմանը.

«Խմբակցությունում քննարկման ժամանակ կներկայացնեմ իմ տեսակետը, կանցնի՝ կանցնի, չէ՝ խմբակցության որոշման հետ կլինեմ հաշտ»,-ասաց նա:

Իսկ թե՞ Հայկ Սարգսյանի նախագծի հատկապես ո՞ր մասը իր դուրը չի գալիս՝Հովիկ Աղազարյանն ասաց.

«Խնդիրն այն է, որ ինքը վատ վարքագիծ է դաստիարակում, կարող է պատահի՝ հետագայում էլ մեր հայրենակիցները իրենց տղա երեխաներին տեղափոխեն երկրից դուրս, որպեսզի խուսափեն ծառայությունից, ու փորձեն օգտվել այս նախագծից»,-ասաց նա:

Հայկ Սարգսյանն էլ իր հերթին ասաց, թե արդեն համաձայնության եկել են Աղազարյանի հետ.

«Ես ու պարոն Աղազարյանն արդեն եկել ենք ընդհանուր եզրահանգման, ցավոք սրտի, նախագծի միայն մի հատվածի մասով չկարողացանք համաձայնության գալ, խմբագրվեց:

Նախագծի ընդհանուր բնույթը նույնը մնաց, միայն այն մասը՝ թե ի՞նչ ժամկետում է գործելու, ո՞ւմ վրա պետք է տարածվի, այդ մասը խմբագրվեց»,-ասաց Սարգսյանը:

Իսկ թե ի՞նչ սպասումներ ունի՝ արդյո՞ք իր նախագիծը վերջնական կընդունի, թե ամեն դեպքում թիմակիցները կմերժեն այն, Սարգսյանն ասաց.

«Եթե հասկանում են՝ ինչ է պետական շահը, ապա պետք է ընդունեն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ նախագիծը դեռ դեկտեմբերի 12-ի ԱԺ արտահերթ նիստում ընդունվել էր առաջին ընթերցմամբ, իսկ հաջորդ շաբաթ այն արդեն ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ կքննարկվի:




Լրահոս