Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տված հարցազրույցում, երբ լրագրողը նրան հարց հղեց հնարավոր է արդյոք տարածաշրջանում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն իրականացնել առանց Ադրբեջանի, Ադրբեջանի ղեկավարը, ի պատասխան հարցի, հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն անվանել է հայկական PR` մասնավորապես նշելով.
«Նրանք առաջին հերթին մեզ պետք է անարգել անցում ապահովեն Զանգիլանի և Օրդուբադի միջև ընկած տարածքում։ Սա նրանց պարտավորությունն է։ Ես արդեն ասել եմ և ուզում եմ նորից ասել, որ Ադրբեջանից Ադրբեջան մեկնող բեռները, քաղաքացիները և տրանսպորտային միջոցները պետք է անցնեն ազատ՝ առանց որևէ ստուգման և մաքսային վարչարարության մեջ ներգրավվելու։ Ինչ վերաբերում է այլ երկրների բեռներին, օրինակ՝ Կենտրոնական Ասիայից Թուրքիա բեռներին Հայաստանի տարածքով, կամ նույնիսկ Ադրբեջանից Թուրքիա որոշ բեռներ, ապա, բնականաբար, բոլոր մաքսատուրքերը պետք է վճարվեն։ Այսպիսով, սա շատ արդար դիրքորոշում է:»
Հայկական իշխանությունների կողմից Զանգեզուրի միջանցքի մասին հայտարարությունները դադարել են, այն վերջին շրջանում չի քննարկվում: Սակայն Ալիևի ասուլիսից հետո հասկանալի է, որ Զանգեզուրի միջանցքը դամոկլյան սրի պես կախված է Հայաստանի գլխին, քանի որ Իլհամ Ալիևը հստակ պահանջներ է ներկայացրել:
Ըստ Ադրբեջանի՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը էժանագին խոսակցություն է, որը տարածում է նաև Ֆրանսիան:
«Հաստատ գիտենք, որ այս մասին խոսել են ամենուր և, հավանաբար, այսօր էլ շարունակում են խոսել, որ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու է ոչ թե այսօր, այլ վաղը։ Այնուամենայնիվ, դրա համար ոչ մի պատճառ չկա: Եվ դրա համար նախապատրաստություն չի արվում։ Իսկ նման պատրաստությունն այսօր հնարավոր չէ թաքցնել։ Դեռևս տեսանելի է վերևից՝ արբանյակից։ Կան տեղեկատվության այլ աղբյուրներ: Մենք ընդամենը երեք տարի սպասեցինք, և երբ տեսնում ենք, որ դա անօգուտ է, այլ ելք չունենք»։