«ՏՆՋՐԵ» ավանդական երգ ու պարի համույթը փորձում է շարունակական դարձնել իր «առաքելությունը» նաևՀայաստանում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Տնջրե» ավանադական երգ ու պարի համույթի պարուսույց Մարիամ Անդրեասյանը:
– Կներկայացնե՞ք «ՏՆՋՐԵ» ավանդական երգ ու պարի համույթի ստեղծման պատմության մասին:
– Դեռևս 2013 թվականին ներկայիս «Տնջրե» անվանումը մեկ այլ անուն ուներ՝ «Արցախ»։ «Արցախ» համույթի հիմնադիրը, պարուսույցն ու գեղարվեստական ղեկավարը եղել է Սարգիս Պարսամյանը։ 2018 թվականին «Արցախ» համույթը վերանվանվեց «Տնջրե» և ունեցավ իր առաջին՝ «Ձեն Քաջաց» մենահամերգը։ Սարգիս Պարսամյանի ղեկավարումից հետո «Տնջրե»-ի պարուսույցներն են եղել Թամար Սարգսյան և Մանուկը Հարությունյանը։ Ավանդական երգ ու պարի համույթը իր անցած տարիների ընթացքում Արցախում տարածում և պահպանում էր հայկական ավանդական երգերն ու պարերը։
– Ինչու՞ հենց Տնջրե։ Մենք ունենք արցախյան Տնջրի ծառը, արդյո՞ք դրանք մեկը մյուսի հետ կապ ունեն:
– Իհարկե, կապ ունի Տնջրի ծառի անվանման հետ։ Տնջրի ծառը Արցախի սինվոլներից մեկն է, որը երկարակեցության, դիմացկունության խորհրդանիշ է հանդիսանում։ Իսկ մեր համույթին պետք էր այնպիսի անուն, որը կբնութագրեր Արցախն ու արցախցուն՝ մեկ բառով։
– «Տնջրե»-ն ինչպիսի՞ ձեռբերումներ ունեցավ: Կարո՞ղ եք նշել այդ ձեռբերումներից ամենահատկանշականը:
– «Տնջրե»-ի ձեռքբերումներն իրեն տրված կարճ ժամանակահատվածում քիչ չէին, սակայն կառանձնացնեմ «Ձոն Քաջաց» մենահամերգը, որն իր բնույթով առաջինն էր Արցախում։ Համերգին հնչեցին միայն մաքրամաքուր հայկական ազգային-ավանդական երգեր ու պարեր, որի նախապատրաստական աշխատանքների անբաժան մասն էր կազմում համույթի նկարահանումները պատմական Տիգրանակերտում։ Համերգը նվիրված էր Հայաստանի առաջին Հանրապետության 100-րդ և Արցախյան շարժման 30-րդ տարեդարձներին։
– Իսկ հետպատերազմյան շրջանում խումբն արդյո՞ք խնդիրների բախվեց, կասկածի տակ էր դրվել համույթի գոյության պահպանումը: Բարձրաձայնեք, խնդրում եմ, ամենամեծ խնդիրները:
– 44 օրյա պատերազմից հետո մեկ տարուց շատ «Տնջրե»-ն գործունեություն չծավալեց, քանի որ ուներ կորուստներ․ պատերազմի հետևանքով համույթի անդամների մեծ մասը այլևս Ստեփանակերտում չէին, ինչպես նաև պարուսույցները: Շուշի քաղաքում էին մնացել տարազները և այլ խնդիրներ։ Համույթի գործունեության պահպանումը երբեք կասկածի տակ չի դրվել, սակայն ժամանակները շատ ծանր էին։ Ամենամեծ դժվարությունը այն էր, որ այդքան մեծ ու անդառնալի կորուստների ժամանակ մշակույթը, այն էլ պարի տեսքով արդյո՞ք տեղ կունենա։ Այդ անինքնավստահությունը թույլ չէր տալիս գործունեությունը վերսկսել։ «Տնջրե»-ն իր գործունեությունը վերսկսեց 2023 թվականի հունվարի 28-ից, երբ 3 տարի անց, Հայոց բանակի օրը, ռազմապարերի բաց դաս անցկացրեց Ստեփանակերտի Ստեփան Շուհումյանի անվան այգում։ Այդ ժամանակ Արցախը արդեն բլոկադայի մեջ էր մոտ 2 ամիս, և օրերը անասելի դժվար էին, մանավանդ հոգևոր առումով։ Այդ օրերին ռազմապարերի բաց դասը միտված էր՝ արիացնել մեր ոգին, դիմադրություն բարձրացնել և ռազմական շունչ բերել մարդկանց։
Համույթի հին անդաներից միայն երեքս էինք Ստեփանակերտում, հետո միացան նաև երկուսը։ Շատ կարճ ժամանակահատվածում երեք անդամներին միացան 15-ից ավելի նոր անդամ և կարելի է ասել զրո կետից նոր անդամներով համույթը վերականգնեցինք և մեկ համարով ելույթ ունեցավ ընդամենը 4 ամիս անց։
– Ինչպե՞ս շարունակեց իր գործունեությունը հետպատերազմյան շրջանում և որքա՞ն պահպանեց իր գործունեությունը:
-2023 թվականի փետրվար ամսից վերսկսեց իր գործունեությունը և ամբողջ շրջափակման ընթացքում չդադարեցրեց, այլ ավելի ծավալուն գործունեությամբ հանդես եկավ։ Արցախի ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ պատրաստվում էին ավանդական երգի ու պարի փառատոնի, որը չհասցրեց կայանալ։
-Ինչպիսի՞ ծրագրեր էր կազմակերպում Արցախում, օրինակ՝ բաց դասեր, համերգային ծրագրեր և այլն:
– Տնջրե համույթի նպատակը միշտ մեկն է եղել՝ պահպանել և տարածել հայկական ավանդական երգի ու պարի մշակույթը Արցախում, որի համար համույթի յուրաքանչյուր անդամ չէր խնայում իրեն այդ օրերին։
– Հայաստանի տարածքում կապված ինչպիսի՞ ծրագրեր ունեք, կա՞ն արդյոք խնդիրներ խմբի վերսկսման գործընթացում:
– Տնջրեի հին ու նոր անդամները այսօր Հայաստանում են և գրեթե բոլորի կանգառը Երևանն է դարձել։ Մենք ցանկանում ենք վերսկսել մեր պարապմունքները, սակայն ունենք դժվարություններ տարածքի, տեխնիկայի և աջակցման խնդիրներ։ Սակայն նպատակադրված փնտրում ենք լուծումներ այդ խնդիրներին։
– Ինչու՞ հենց շրջափակման օրերին էր կարևոր դասավանդել ազգային պարերը:
– Ով կյանքում, գոնե մեկ անգամ պարել է իր ազգային, ավանադական պարը, վստահաբար կհաստատի, որ այն ուղղակի ֆիզիկական շարժում չի, այն հոգևոր էներգետիկ մի երևույթ է, որն օգնում է հաղթահարել ցանկացած դժվարություն։ Շրջափակման ընթացքում ես դասավանդել եմ «Տնջրե»-ում(մոտ 20 հոգի), «Մենք ենք մեր սարեր»-ում (մոտ 15-20 հոգի, տարբեր տարիքային մարդիկ՝ երեխայից մինչև 50 տարեկան ), շրջել և փոքրիկ բաց դասեր անցկացրել Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի նաև Ստեփանակերտի դպրոցներում ու մշակութային կենտրոններում, որտեղ անցնում էին ազգագրական պարեր։ Նրանք բոլորը այդ օրերին սովորում էին ոչ միայն ֆիզիկական շարժումներ, այլ նաև դիմադրել ամեն օր իրենց տրվող դժվարություններին ու փորձություններին։
Անահիտ Արզումանյան