ԿԽՄԿ-ն հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի նամակն է փոխանցել նրա հարազատներին: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Ինջուղալյանի եղբայրը ` Հարություն Ինջիղուլյանը:
«Գրում է, որ լավ է, ոչ մի խնդիր չունի: Խնդրում է, որ մի փոքր էլ սպասենք, ու ամեն ինչ լավ կլինի: Երրորդ երկրի հետ կապված նամակում ոչ մի բան չկար գրված»,- ասաց ռազմագերու եղբայրը:
Ինջիղուլյանը նաև փոխանցել է, որ իրեն այցելել են ՄԱԿ-ի գրասենյակից, և լուրի իսկությունը պարզելու համար ԿԽՄԿ-ն կապ է հաստատել ՄԱԿ-ի հետ, որտեղ հաստատել են այցելության փաստը:
«Կարմիր խաչից ասացին, որ անձամբ են տեսել Հակոբին ու նրա մոտ ամեն ինչ նորմալ է: Իրենց ասելով ` ամեն ինչ նորմալ է, ոնց պետք է լինի, այնպես է»,- հավելեց Հարություն Ինջիղուլյանը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 03:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։
Տաթև Հարությունյան