«Առաջին օրերին Կոտայքի մարզում բռնի տեղահանված արցախցիների թիվը հասնում էր 25 հազարի: Վերջին՝ հունվարի 5-ի տվյալների համաձայն՝ Կոտայքի մարզում բնակվում է 22 հազար 500 բռնի տեղահանված»,- Armlur.am-ի հետ զրույցում նշեց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:
Մարզպետի խոսքով՝ առավել շատ բնակեցված են Հրազդան (մոտ 5200 բռնի տեղահանված) և Աբովյան (մոտ 6000 բռնի տեղահանված) քաղաքներում: Հնարավորության սահմաններում մարզպետարանը փորձում է զբաղվածությամբ ապահովել բռնի տեղահանված արցախցիներին, որպեսզի վերջիններս կարողանան ինքնուրույն հոգալ սեփական կարիքներն ու հնարավորինս շուտ ինտեգրվել մարզի կյանքին:
«100-ից անցնում է այն մարդկանց թիվը, որոնց կարողացել ենք աշխատանքով ապահովել մարզպետարանի ենթակայությամբ գտնվող դպրոցներում, հիվանդանոցներում և այլ հաստատություններում: Մինչև այսօր էլ աշխատանքի ընդունման համար դիմումներ ենք ընդունոմ և առաջնահերթությունը տալիս ենք բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, քանի որ նրանց սոցիալական խնդիրներն այսօր ավելի սուր են, իսկ աշխատանքն էլ այն հիմնական պայմաններից է, որ մարդը ցանկանա բնակվի տվյալ բնակավայրում»,- ասաց Սահակյանը:
Շուրջ 200 բռնի տեղահանված արցախցի դեռ շարունակում է բնակվել Կոտայքի մարզում գտնվող սպորտդահլիճներում, հյուրատներում: Գրեթե ամեն շաբաթ մարզպետարանն այցեր է կատարում՝ ծանոթանալու ոչ միայն բռնի տեղահանված անձանց, այլև մարզի մշտական բնակիչների առկա խնդիրներին:
«Այս պահին բռնի տեղահանված մեր հայրենակիցների մի փոքր մասը (200-ի սահմանը չի անցնում) շարունակում է բնակվել սպորտդահլիճներում և հյուրատներում: Մենք մշտապես նրանց մեր ուշադրության կենտրոնում ենք պահում, փորձում ենք հնարավորության չափով աջակից լինել նրանց: Մեր շրջայցերի ընթացքում նրանց ևս այցելում ենք, ծանոթանում նրանց խնդիրներին: Նրանք ևս իրենց հերթին աշխատում են տուն գտնել և տեղափոխվել ընտանիքով առանձին ապրելու»,- ասաց Ահարոն Սահակյանը:
Ինչպես մարզպետն է նշում Կոտայքի մարզի գյուղերում և քաղաքներում առկա են կենցաղային մինիմալ պայմաններ. ապահովված են գազամատակարարմամբ, մշտական ջրով և էլեկտրաէներգիայով:
Նանիկ Աղասյան