«Ես կարամ լավ ծափ տամ». Ֆլեշ Բարսեղ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում լրագրող, հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանի անվան ուսումնական ստուդիայի և Ստեփան Պողոսյանի անվան հեռուստալրագրության լսարանի բացման արարողությունն էր, որին ներկա էր նաև «Ֆլեշ»ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշ Բարսեղը) ՝  բարերարի կարգավիճակով:

Ստուդիայի սարքավորումները հատկացրել էր «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը, որի հիմնադիրը հենց Բարսեղ Բեգլարյանն է: Վերջինս համալսարան եկավ երկու մեքենաների ուղեկցությամբ (հավանաբար նրա թիկնապահներն էին, որոնց գոյությունը վաղուց Սերժ Սարգսյանը կարծես թե արգելել էր):

Ինչևէ, համլսարանի շենքի մոտ ղարաբաղյան կլանի ինտելեկտուալ առաջնորդ Բեգլարյանին դիմավորեց համալսարանի ռեկտոր Ռուբեն Միզախանյանը: Ռեկտորը Բ. Բեգլարյանին «զբաղեցնում»էր համալսարանի պատերին փակցված նկարաներով, մինչ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կժամաներ: Բեգլարյանն էլ ստիպված ռեկտորի հետ ուշադիր նայում էր պատերին ու նրա հետևից քայլում: Իսկ արդեն Հասմիկ Պողոսյանի ժամանումից հետո բոլորը գնացին ստուդիայի բացման «կարմիր լենտը» կտրելու համար:

Սակայն Բ. Բեգլարյանը ոչ մի կերպ չէր համաձայնում: «Ես ի՞նչ գործ ունեմ, հենա Վահրամին կանչեք, թող գա կտրի»,- համեստորեն ասաց Բեգլարյանը: Ու այդ պահին ժպտալով «ծանրաձողին»մոտեցավ ՀԺԱՄ կուսակցության ղեկավար Վահրամ Մկրտչյանն ու կտրեց ժապավենը: «Ահա ես կարամ լավ ծափ տամ»,- իր կարողությունների մասին բարձրաձայնեց Բեգլարյանն ու սկսեց շփվել ներկաների հետ: Անգամ «Ազգ»թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանից հետաքրքրվեց, թե «Ինչի համար ես թերթդ տենց խեղճացրել, շաբաթվա մեջ մի անգամ ես տպվում»: Հ. Ավետիքայնն էլ շատ ցածր ձայնով ինչ որ բան պատասխանեց ու հեռացավ:

Armlur.am-ը փորձեց Բեգլարյանից հետաքրքրվել.

Ինչո՞ւ է կարևորում նման լսարանների առկայությունը, որ հովանավորել եք:

-Դա մասնագետներին հարցրեք, բայց ես կարծում եմ, որ նման բաները անհրաժեշտ են:

Դուք ե՞րբ եք «վերադառնալու քաղաքականություն»:

– Ես երբեք քաղաքականության մեջ չեմ եղել, ես զբաղված եմ տնտեսական, հասարական գործունեությամբ: Ես ե՞րբ եմ եղել քաղաքականության մեջ, որ հիմա էլ վերադառնամ:

Դուք մշտապես միջամտում եք ՀՀ-ում կատարվող քաղաքական իրադարձություններին. պաշտոնյաներ եք նշանակում ազատում մեկ զանգով:

– Ամերիկայի ու մեկ էլ Գերմանիայի քաղաքականությամբ զբաղվում եմ, բայց ոչ Հայաստանի,-վրդովված հայտարարեց Բ. Բեգլարյանն ու արագ հեռացավ:

Հիշեցնենք, որ Գերմանիայի ու Ամերիկայի քաղաքական խնդիրներով զբաղվող այս գործարարը իշխանական կուլիսներում պտտվող տեղեկությունների համաձայն, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արցախի վարչապետ Արա Հարությունի, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանի և էլի շատ առանցքային դեմքերի քաղաքական կնքահայրն է: Նշված մարդիկ իրենց այսօրվա պաշտոնի համար պարտական են բացառապես Բարսեղ Բեգլարյանին: Ի դեպ, ՀԺԱՄ կուսակցության կնքահայրն էլ ապաքաղաքական Բեգլարյանն է:




Լրահոս