«Մենք դերակատարություն չունենք աշխարհաքաղաքական գործընթացներում, ավելին ` մեր քաղաքական ապագան կործանվում է»,- այսօրվա մամլո ասուլիսում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ` խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին:
Նախագահի նախկին թեկնածուի խոսքով ` շատ ռուսահարճեր խոսում են ԵՄ-ի տրոհման մասին ` մոռանալով, որ գոյություն ունի ՆԱՏՕ: Ըստ քաղաքական գործչի ` Հայաստանը պետք է հրաժարվեր այն ամենից, ինչ եղել է ՀՀ-ի անկախացումից առաջ ` մասնավորապես վաղը լրանում է 1921-ի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի 90- ամյակը, բայց ցայսօր Հայաստանը չեղյալ չի համարում այդ պայմանագրում մեր երկրին վերաբերող դրույթները:
«Ռուսն ու թուրքը ուղն ու ծուծով եղբայրներ են և թող լինեն թե եղբայրներ, թե հարս ու փեսա, խնամիներ, դա մեզ չի վերաբերում, բայց մենք պետք է մեզ վերաբերող դրույթներից ազատվեինք, որը չենք արել»,- ասաց Հայրիկյանը:
Չի բացառվում, որ վաղն ԱԻՄ-ականները ուղերձ հանձնեն ռուսական դեսպանատուն այդ պայմանագրի առնչությամբ, բայց դեռ դա հաստատ չէ. այսօր ԱԻՄ-ականների հետ Պարույր Հայրիկյանը կքննարկի այդ հարցը:
ԱԻՄ առաջնորդի խոսքով ` այսօր շատերն են խոսում ժողովրդի անունից, սակայն միայն ինքն իրավունք ունի խոսելու հայ ժողովրդի անունից: «Ժամանակին, երբ Հովհաննես Թումանյանն ասում էր Ամենայն հայոց բանաստեղծ, ոչ ոք չասեց ` ինչ ես ասում, ինչ մեծամիտ ես: Բայց երբ ես ասում եմ, որ ձեր ինքնորոշման առաջնորդին ` Պարույր Հայրիկյանին, արտաքսել են, ես համարվել եմ հայ ժողովրդի արդար իղձերի արտահայտող, ասում են ` ինչ մեծամիտ է, դե դուք ասեք ` ես ով եմ եղել: Դուք չեք ասում, ես եմ ասում: Ձեզ արդեն բթացրել ու կործանել են` ձեզ առաջնորդ կարգելով ամեն տեսակի դավաճանների` համար մեկ դավաճան, համար երկրորդ դավաճան, սա էլ ազգի համար երրորդ դավաճանն է»,- մանրամասնեց պրն Հայրիկյանը` ակնարկելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Ինչ վերաբերում է ՀՀ-ի դիրքորոշմանը Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների հետ կապված, ԱԻՄ առաջնորդը մեր երկրի դիրքորոշումը զսպված համարեց. «Լավ է ` գոնե լռում են և ռուսահաճո հիմարություններ դուրս չեն տալիս»: