ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե դատարանը որոշել է, որ մարդը մեծ գումար է պարտք որեւէ մեկին, բայց այդ մարդը չունի ո՛չ գումար, ո՛չ սեփականություն, ի՞նչ է նման դեպքերում անում ԴԱՀԿ-ը: Որտեղի՞ց պետք է գանձի կամ ինչպե՞ս պետք է պարտավորեցնի, որ գումարը վերադարձնի:

Նաիրա Առաքելյան, 28 տարեկան, լրագրող


ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե դրամական միջոցների բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթի ընթացքում պարզվում է, որ պարտապանը չունի որեւէ գույք կամ եկամուտներ, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել, իսկ պարտավորության չափն էլ չի գերազանցում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը (մեկ միլիոն դրամը), ապա հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը («Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ):
Նույն իրավիճակում, եթե պարտավորության չափը գերազանցում է մեկ միլիոն դրամը, ապա հարկադիր կատարողը պարտավոր է անհապաղ կասեցնել կատարողական վարույթը (վարույթները) եւ առաջարկել պարտատիրոջն ու պարտապանին նրանցից որեւէ մեկի նախաձեռնությամբ ոչ պակաս, քան 60-օրյա ժամկետում սնանկության հայց ներկայացնել դատարան («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մաս): Սնանկության հայց ներկայացվելու եւ սնանկության հիմքերի առկայության դեպքում դատարանի վճռի հիման վրա սկսվում է պարտապանի սնանկության վարույթը, որը կարգավորվում է  «Սնանկության մասին» ՀՀ օրենքով: Իսկ եթե կողմերը 60-օրյա ժամկետում սնանկության հայց չեն ներկայացնում դատարան, ապա հարկադիր կատարողը վերսկսում է կասեցված վարույթը եւ ավարտում է այն վերը նշված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա (պարտապանը չունի գույք կամ եկամուտներ, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել):

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության իրավաբանական
բաժնի պետ,  արդարադատության
գնդապետ Գագիկ Միրիջանյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Օրենքն, ինչպես միշտ, ամեն ինչ կատարյալ է ներկայացնում, բայց ոչինչ չի ասվում արհեստականորեն սնանկի իրավական կարգավիճակում հայտնվող քաղաքացիների եւ տնտեսվարողների մասին: Եւ այդտեղ առաջանում է պատային իրավիճակ:




Լրահոս