«Սեպտեմբերին բազմաթիվ արցախցիներ խմբերով բնակվում էին Աբովյան քաղաքի սպորտդահլիճում: Ժամանակի ընթացքում համայնքի և նրանց համատեղ ուժերով մարդիկ բնակարան գտան և տեղափոխվեցին: Դեկտեմբերի տվյալներով՝ Աբովյանի սպորտդահլիճում ապրում են մոտ 70 բռնի տեղահանված արցախցի»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշել է Աբովյանի համայնքապետարանի մամուլի քարտուղար Ռոզա Նալթակյանը:
Պատասխանատուի խոսքով՝ սպորտդահլիճում բնակվող անձինք ևս շահագրգռված են առանձին բնակարան վարձակալելու և աշխատանք գտնելու համար: Սակայն, քանի որ բնակարանի վարձերն այդքան էլ մատչելի չեն, շարունակում են դեռ խմբերով բնակվել:
«Ժամանակի հարց է, նրանց համար ևս բնակարան կգտնվի և նրանք ևս կունենան իրենց առանձին տանիքը: Հիմնական խանգարող հանգամանքն այն է, որ տների վարձերը մատչելի չեն, իսկ մարդիկ ոչ միայն չունեն բարձր գնով տուն վարձակալելու հնարավորություն, այլև աշխատանք չունեն: Բնակարան գտնելը Աբովյանում ևս դժվար է քանի որ մարզերից ունենք ուսանողներ, ընտանիքներ, որոնք վարձակալությամբ բնակվում են այստեղ և սովորում կամ աշխատում են Երևանում: Աբովյանից Երևան բավականին հարմար է՝ ամեն օր գնալ և գալու համար»,- նշել է Ռ.Նալթակյանը:
2023թ. Արցախի հայաթափումից հետո Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում բնակություն է հաստատել ավելի քան 6000 բռնի տեղահանված արցախցի: Նալթակյանի խոսքով՝ մեծ մասը նախըտրել է բնակվել Աբովյան քաղաքում, Բալահովիտում, Գեղաշենում, Վերին Պտղնիում:
«Պարբերաբար պետության, հասարակական տարբեր կազմակերպությունների կողմից աջակցություններ է տրամադրվում մեր հայրենակիցներին: Իրենք էլ բավականին աշխատասեր մարդիկ են և երևում է` սիրել են մեր համայնքը: Հաճախակի ենք նկատում համայնքի տարբեր անկյուններում արցախցիների կողմից բացած խանութները, տարածքները, որտեղ ներկայացնում են իրենց ավանդական կերակուրները, քաղցրավենիքները»,- ասել է Ռոզա Նալթակյանը:
Նանիկ Աղասյան