«Գոյ» թատրոնը, որն առանձնացել է ժամանակակից բեմադրություններով, հետաքրքիր փորձերով և երիտասարդական ուժի ակտիվ մասնակցությամբ, հիմնադրվել է 1988 թվականի դեկտեմբերի 1-ին:
Դեռևս մեկ շաբաթ գոյություն ունեցող թատրոնի կազմն իր գործունեությունը սկսել է Սպիտակի երկրաշարժի աղետի գոտում՝ մասնակցելով փրկարարական աշխատանքներին, ապա երեք ամիս շարունակ անօթևան մնացած բազմաթիվ մարդկանց համար՝ խաղալով Թումանյանի հեքիաթները:
Այն լայն հասարակության համար իր դռներն է բացել 1989 թվականի մարտին: Թատրոն-լաբորատորիայի հիմնադիրներն են Արմեն Մազմանյանը, ում անունով էլ ապագայում կոչվեց այն, Արթուր Սահակյանը, Սամսոն Ստեփանյանը և Արսեն Աբրահամյանը, որոնք հետագայում իրենց գործունեությունը ծավալեցին թատերական աշխարհում՝ տարբեր բեմերում իրենց ավանդը բերելով հայ թատրոնի զարգացման գործում:
Թատրոնն իր գործունեությունը սկսել է մայր թատրոնի ձեղնահարկում, ապա՝ 1996-ից 2006 թվականներին վարձակալական իրավունքով տեղափոխվել «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի» շենք և կրկին վերադարձել Սունդուկյանի անվան թատրոն: Այն ի սկզբանե նպատակ է ունեցել ներկայանալ որպես ազգային խաղիկների, հայ էպիկական ու գուսանական, «երգ որգեցի ու պարոցի» հիմքով թատրոն-լաբորատորիա: Ավելի ուշ թատրոնն իր առջև դնում է հստակ խնդիր. «Գոյ»-ի բեմում ստեղծագործել՝ հիմքում դնելով համաշխարհային գեղարվեստական, փիլիսոփայական, թատերական ավանգարտ գործընթացները:
2010 թվականին «Գոյ» թատրոն-լաբորատորիան դառնում է պետական թատրոն՝ վերանվանվելով «Գոյ» Բեմարվեստի Ազգային Փորձարարական Կենտրոնի:
Իր գործունեության ընթացքում, հակառակ բազմաթիվ դժվարություններին, թատրոնը հանդես է եկել բազմաթիվ ներկայացումներով, մասնակցել մի շարք փառատոնների, հանդես եկել հյուրախաղերով: Այն համարձակ քայլի է գնացել և առանձնացել՝ իր խաղացանկում ժամանակակից անվանի թատերագիրների ստեղծագործություններ ներառելով:
«Գոյ» թատրոնի զարգացման գործում իրենց ավանդն են ունեցել դերասաններ Կարինե Ջանջուղազյանը, Սերգեյ Դանիելյանը, Տրդատ Մակարյանը, Նարե Հայկազյանը, Մարինե Պետրոսյանը, նկարիչ Մկրտիչ Մկրտչյանը և բազմաթիվ այլ գործիչներ: Այսօր էլ թատրոնն ունի բազմաթիվ երիտասարդ դերասաններ, այդ թվում՝ Գուրգեն Սարգսյան, Սամվել Թոփալյան, Վաչե Երիցյան և Արսեն Ազիզյան:
Հուրի Բաղդասարյան