ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԹԵԶՈՎ՝ ՆՈՐ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն է:

 

-Պարո՛ն Սաղաթելյան, Նիկոլ Փաշինյանն օրերս ծավալուն հարցազրույց տվեց՝ խոսելով Արցախի եւ բանակցային գործընթացի մասին: Հետեւե՞լ եք հարցազրույցին, ի՞նչ արձանագրումներ եք արել նրա հայտարարություններից:

-Նիկոլ Փաշինյանը շարունակում է արդարանալ, իր հարցազրույցում նա փորձում էր հանրությանը համոզել ու հերթական անգամ մոլորեցնել, որ այն, ինչ պատահել է մեզ հետ, անխուսափելի էր, ինչն ամբողջությամբ կեղծ է, քանի որ այդ ամենի պատասխանատուն հենց ինքն է: Նիկոլ Փաշինյանը երկու նպատակ ուներ՝ փորձում էր մարսել այն բոլոր հանցագործությունները, որոնք իրականացրել է Արցախի մասով, նաեւ շարունակում էր լեգիտիմացնել Ալիեւի վարած ագրեսիվ քաղաքականությունը եւ Արցախում իրականացրած էթնիկ զտումը: Հասարակությանը փորձում է խաղաղության թեզի տակ նոր կապիտուլյացիայի տանել:

-Իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն այսպիսի մի հայտարարություն արեց՝ եղել են մարդիկ, ովքեր պլանավորել են Արցախի հայաթափումը եւ այսպիսով նպատակ են ունեցել ոչնչացնել Հայաստանի անկախությունը: Ու՞մ նկատի ուներ նա:

-Արցախի հայաթափումը պլանավորել են Նիկոլ Փաշինյանը եւ Ալիեւը համատեղ: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանը, Նիկոլ Փաշինյանն այդ ինքնիշխանությունը վաղուց ոչնչացրել է. թշնամու զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում, ադրբեջանցի զինծառայողներն այսօր Գեղարքունիքում, Սյունիքում են, ու այս ամենը տեղի է ունեցել այս իշխանության գործունեության ու վարած քաղաքականության արդյունքում:

-Պարո՛ն Սաղաթելյան, վերջին օրերին թեժ խոսակցություններ են նաեւ գնում, որ իշխանությունները մտադիր են 2024 թ.-ին գնալ արտահերթ ընտրությունների. ի՞նչ եք կարծում, կգնա՞ն այդ ճանապարհով իշխանությունները:

-Դա պարզ հարց չէ, խորքային է, բայց չեմ կարծում, որ իրենք կգնան այդ ճանապարհով՝ նկատի ունենալով թե՛ սոցիալ-տնտեսական կանխատեսումները, որոնք սպասվում են մեր երկրում, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական դասավորությունները, նաեւ մի շարք այլ հանգամանքներ: Բացառված սցենար չէ, որ փորձեն նոր ընտրությունների գնալ՝ հույս ունենալով, որ այդ ճանապարհով կվերարտադրվեն:

-Իսկ ընդդիմությունը պատրա՞ստ է նոր ընտրությունների:

-Սա ինչ-որ տեղ նաեւ արհեստական օրակարգ է բոլոր հարցերն ու խնդիրներն այլ ուղղությամբ տանելու համար, հետեւաբար ավելի առաջնային խնդիրներ կան, այս պահին պետք է կենտրոնանալ դրանց վրա:

-Պարո՛ն Սաղաթելյան, ընդդիմությունը թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցում շատ պասիվ է, միայն հայտարարություններ են հնչում առկա վտանգների ու քայլերի մասին, բայց կանխարգելիչ քայլեր չեն ձեռնարկվում:

-Վերջին շրջանում, տեսել եք, ինչ ակտիվ գործունեություն է ծավալում ընդդիմությունը՝ սկսած անվտանգային, սոցիալ-տնտեսական եւ Արցախի հետ կապված հարցերից. բոլոր խնդիրները բարձրաձայնվում են, սուր քննադատություններ են հնչեցվում՝ փորձելով ժողովրդին ներկայացնել իշխանության ղեկին հայտնվածների վարած քաղաքականությունը: Զուգահեռ մենք գրեթե ամեն շաբաթ այցելում ենք տարբեր մարզեր՝ Սյունիք, Գեղարքունիք. վերջին մեկ ամսվա ընթացքում իմ գործընկերների հետ 7-8 մարզերում եղել ենք, հանդիպել ենք այնտեղի բնակչությանը, խոսել խնդիրների մասին: Այս պահին մեր խնդիրը ամենօրյա աշխատանքն է ժողովրդի հետ, որպեսզի նրանց բացատրենք այս իշխանությունների վարած կործանարար քաղաքականության հետեւանքները եւ համախմբենք մարդկանց ազգային օրակարգի շուրջ:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ՎԱ՞ՐԴ, ԹԵ՞ ՄԵԽԱԿ ՏԵՍԱԿԻ ԾԱՂԻԿՆԵՐ

Մամուլում պարբերաբար լուրեր են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Մանվել Ավետիսյանին։

 

Մանվել Ավետիսյանը վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը ղեկավարել է նաեւ 2018-2020 թվականներին։ Հիշեցնենք, որ 2019թ.-ին էլ Նիկոլ Փաշինյանը վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանին էր պաշտոնից ազատել, որը մոտ մեկ տարի էր պաշտոնավարել: 2019թ. մայիսի 14-ին 168.am-ը հոդված էր հրապարակել, որում անդրադարձ է կատարվել նաեւ Ալեքսանդր Մխիթարյանին պաշտոնից ազատելու պատճառներին։ Ըստ լրատվականի՝ Ալեքսանդր Մխիթարյանն աշխատանքից ազատվել է ծաղիկների պատճառով: Համաձայն այդ հրապարակման՝ 2019թ.-ի ապրիլի 2-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանն ԱԺ այդ ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանի, իշխանական պատգամավորների, ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոսների եւ արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Արարողակարգով որոշվել էր, որ Փաշինյանը եւ մյուսները, ի հիշատակ զոհված հերոսների, մեխակներ պետք է դնեն նրանց շիրիմներին։ Նույն օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոն հարգանքի տուրք մատուցելու է գնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Հեղափոխական» կառավարության աշխատակազմում նկատում են, որ Սերժ Սարգսյանը վարդ տեսակի ծաղիկներ է տեղադրում զոհերի շիրիմներին: Այս հանգամանքը խիստ զայրացնում է Նիկոլ Փաշինյանին՝ թե ինչու է Սերժ Սարգսյանը վարդեր տանում, իսկ ինքը՝ մեխակներ։ Օրվա վերջում արդեն Նիկոլ Փաշինյանը ստորագրում է Ալեքսանդր Մխիթարյանին պաշտոնից ազատելու հրամանը: 2020 թվականին վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ է նշանակվում Էդուարդ Հարությունյանը, որն աշխատանքից ազատվել է 2021թ.-ի սեպտեմբերին։ Այդ ժամանակից սկսած՝ արարողակարգի բաժնի պետի պարտականությունները կատարում էր բաժնի պատասխանատու Սուրեն Վարոսյանը։ Մանվել Ավետիսյանը սեպտեմբերի 24-ին է երկրորդ անգամ նշանակվել արարողակարգի բաժնի պետի պաշտոնին։ Նրան պաշտոնից ազատելու մասին տեղեկության իսկությունն իմանալու համար ArmLur.am-ը կապ է հաստատել վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի հետ, սակայն վերջինս չմեկնաբանեց՝ ուղղորդելով վարչապետի աշխատակազմ: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանն էլ, մեր հարցին ի պատասխան, ասաց. «Վարչապետի որոշումները հրապարակվում են. այլ տեղեկություն չունեմ»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿԱՐԳԱԴՐԱԳԻՐ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 20-ին կարգադրություն է ստորագրել, որտեղ ասվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ՝

  1. Կազմակերպել 2023 թվականի դեկտեմբերի 21-22-ը Հայաստանի Հանրապետություն (ք. Դիլիջան) ժամանող՝ Վրաստանի Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
  2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ` պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»:

 

 

 

ՅՈԹ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն առավոտյան ձերբակալել է Քաղաքաշինության  եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 7 աշխատակիցների, որոնք կասկածվում են կոռուպցիոն մեխանիզմի մեջ լինելու համար։ Ըստ աղբյուրների՝ բացահայտվել են նոր կառուցված շենքերի  ավարտական ակտի տակ տեսչական մարմնի կողմից տրված դրական եզրակացության կնիք եւ ստորագրություն,  այնինչ տվյալ ավարտական ակտի փաստաթղթերը տեսչական մարմին կա՛մ մուտք չեն եղել, կա՛մ տրվել է բացասական եզրակացություն։ Տեսչական մարմնի մեր աղբյուրները փոխանցում են, որ կնիքը ղեկավարի մոտ է միայն, ու, բացի իրենից, ոչ մեկ չի  կարող փաստաթղթեր կնքել եւ ուղարկել,  սակայն ձերբակալել են սովորական աշխատակիցների:

 

 




Լրահոս