Նիկոլ Փաշինյանը որոշել է «պատժել» չենթարկվող ՔՊ-ականներին:
Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն են փոխանցում, վերջին շրջանում վարչության եւ նախաձեռնող խմբի նիստերին Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում է ՔՊ կուսակցության գաղափարական թեզերի, տեսլականի ու ծրագրերի մասին, իր խոսքում շեշտում է կուսակցության գաղափարախոսությանը հավատարիմ մնալու ու դրանցից չշեղվելու կարեւորության մասին:
Հենց սրանով է պայմանավորված, որ վերջին շրջանում ՔՊ-ից հեռացվում են անգամ նրա մտերիմները. այսպիսով նա փորձում է նաեւ դասեր տալ իր մյուս թիմակիցներին՝ ցույց տալով, թե ինչ կարող է լինել նրանց հետ, ովքեր իր խոսքից ու ծրագրերից կփորձեն շեղվել:
Հիշեցնենք, որ ՔՊ ակունքներում կանգնած Սարգիս Ալեքսանյանը դեկտեմբերի 19-ին հեռացվեց կուսակցությունից. իրականում կուսակցական անարդարության զոհ է: Նրա մասին ՔՊ ժողովների ժամանակ չարախոսել են կուսակցականները, ինչ-ինչ բաներ վերագրել նրան, թե պաշտոն ու կարգավիճակ չունենալով՝ հարստացել է: Իրականում հարստացել, կենսամակարդակի ու բարեկեցության իրենց մակարդակը բարձրացրել են գրեթե բոլոր ՔՊ-ականները, սակայն թիրախավորվել է Սարգիս Ալեքսանյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խարդավանքների եւ սուտ լուրերի ճշտման համար 2-3 անգամ Սարգիս Ալեքսանյանին հրավիրել են կուսակցություն՝ զրույցի, սակայն նա չի կարողացել ներկայանալ, քանի որ ընտանիքի անդամներից մեկը առողջության լրջագույն խնդիրներ ունի: Ս. Ալեքսանյանը գերադասել է ընտանիքի կողքին լինել դժվար պահին, եւ, ահա, ՔՊ-ականները նրան անարդար, կամայական հեռացրել են կուսակցությունից: Արդարության, թիմի, կուսակցական պարտականությունների մասին պատկերացումները ՔՊ-ում խմբային են՝ բոլորով ստի կողքին՝ ընդդեմ մեկի: Հեռացրին ՔՊ ակունքներում կանգած հավատարիմներից մեկին անարդար եւ կամայական ձեւով: Հետաքրքիր է, թե ով պետք է վերստուգի ՔՊ վերստուգիչների վարքը, ունեցվածքը, կոռուպցիոն հակումներն ու դրսեւորումները:
Հիշեցնենք նաեւ, որ Սարգիս Ալեքսանյանը ԱԺ պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի, Արմեն Փամբուխչյանի եւ էլի շատերի մտերիմ ընկերն է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջիկայում տարեվերջյան ամփոփիչ հավաք-քննարկում են պատրաստվում անել՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Թե ինչ հարցեր են օրակարգում, «Հայաստան» խմբակցությունից մեզ հայտնեցին, որ ամփոփելու են տարին, ինչպես նաեւ քննարկելու են առաջիկա անելիքները, խորհրդարանում իրենց մարտավարության հետ կապված հարցեր: Հանդիպումը նախատեսվում է հաջորդ շաբաթ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հաստատեց այս տեղեկությունը։ «Մինչեւ տարեւերջ, այո՛, հանդիպում կլինի: Ամփոփելու ենք անցնող տարին, մեր ձեռքբերումները, բացթողումները, երկրում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաեւ մեր առաջիկա անելիքները»-ասաց նա:
Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Աֆյանը պաշտոնի նշանակվել է 2023 թվականի սեպտեմբերի 22-ին։ Աֆյանն արտաքին հարաբերություններում մեծ փորձ ունեցող մասնագետ է, ինչը հասկանալի է դառնում նրա կենսագրականից։ Նա եղել է Իրանի դեսպանության երրորդ քարտուղարը դեռ 2006 թվականին։ Նա միանձնյա սեփականությամբ ունի 3 անշարժ գույք՝ 1 անհատական բնակելի տուն, 1 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, եւ 1 ավտոկայանատեղի։ 2019 թվականին Աֆյանը գնել է 2012 թվականի արտադրության Jeep մակնիշի մեքենա։ Դեսպանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 72 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 500 ԱՄՆ դոլար։ Նրա տարեկան եկամուտը կուտակվում է միայն ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ստացվող աշխատանքի վարձատրությունից, որը կազմում է 5 մլն 765 հազար դրամ, որն ամսական կազմում է գրեթե 480 հազար դրամ։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 1 մլն 867 հազար դրամ։
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկում փոփոխություններ են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ բանտապետերի տեղափոխության գործընթաց կլինի, ու չի բացառվում, որ շատերն էլ այդ ճանանարհին ազատվեն պաշտոնից։ Դեկտեմբերի 19-ին գրել էինք, որ, Նիկոլ Փաշինյանի հրամանով, Ամբակում Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության պետ է նշանակվել։ Դեռ այս տարվա հոկտեմբերի 14-ին գրել էինք, որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ՔՊ-ականների մի հատված արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին է առաջարկել Ամբակում Գրիգորյանի թեկնածությունը, սակայն նախարար Մինասյանը մերժել է։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ նրան հասկացրել են, որ Գրիգորյանը միակ արժանի թեկնածուն է։ Արդյունքում նախարարի մերժումը ոչինչ չտվեց, եւ Ամբակում Գրիգորյանը, քաղաքական որոշմամբ, նշանակվեց։
ՄԻՆՉ ՕՐՍ ՊԱՐԶՎԱԾ ՉԵՆ
Շուրջ 1,5 տարի է անցել, սակայն մինչ օրս իրավապահները չեն կարողանում բացահայտել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի տան եւ խանութի մոտակայքում հնչած պայթյունի մեղավորներին։ Պայթյունի դեպքից անց՝ 1,5 տարի է՝ քննություն է իրականացվում, եւ քրեական հետապնդման ենթարկվող անձ չկա։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մեզ հասած տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, իրավապահներին բացատրություն է տվել Արաբկիրում տեղի ունեցած պայթյունի գործով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին հայտնել էր, որ չի կարող ասել՝ արդյոք կատարվածն իրենց հետ կապ ունի, թե ոչ: «Թող իրավապահները պարզեն»,- ասել էր Զարեհ Սարգսյանը: Նկատենք, որ պայթյունը եղել էր 2022 թվականի օգոստոսի 22-ին Սարգսյանին պատկանող՝ Երեւանի Նաիրի Զարյան փողոցում գտնվող խանութ-յուղման կետի տարածքում: Այդ տարածքից փոքր-ինչ հեռավորության վրա է գտնվում պատգամավորի հայրական տունը, ու համադրելով բոլոր հանգամանքները՝ հարց է առաջանում՝ պայթյունն ուղղակի պատահականությո՞ւն է եղել, թե՞ ՔՊ-ական պատգամավորի դեմ է ուղղված. գուցե մարդիկ կան, որոնք փորձել են ինչ-որ բան հասկացնել պատգամավորին կամ նրա ընտանիքի անդամներից որեւէ մեկին: Հանգամանքները մինչ օրս պարզված չեն։