ԱՐՏԱՀԵՐԹԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում իշխանությունների՝ արտահերթ ընտրությունների գնալու մասին խոսակցությունները նոր թափ են ստանում:

 

Այս առիթով ArmLur.am-ը զրուցել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանի հետ:

-Պարո՛ն Հակոբյան, արտահերթ ընտրությունների մասին այս թեժ խոսակցությունները որքա՞նով են իրական, արդյոք ՔՊ-ն 2024-ի գարնանը կամ աշնանը արտահերթ անելու ծրագրեր ունի՞:

-ՔՊ կուսակցությունում նման քննարկում չկա, արտահերթ ընտրությունների հարց չի քննարկվում: Ես ինքս էլ բազմիցս այս մասին խոսել եմ, բայց, չգիտես՝ ինչու, մեր ասածները երկրորդ պլան են մղվում եւ, չգիտես՝ որտեղից, խոսակցություններ են տեղում արտահերթի մասին:

-Խոսակցությունների համար հիմք է տվել այն, որ վերջին շրջանում ՔՊ-ն առավել հաճախակի է նիստեր անում, Փաշինյանը հանդիպումներ է ունենում մարզային ակտիվի հետ: Սրանից ելնելով՝ խոսակցություններ են շրջանառվում, որ պատրաստվում եք արտահերթ ընտրությունների:

-Նիստերը կուսակցության ներքին հարցերին են վերաբերում, քննարկումներ են ընթանում արտաքին քաղաքականության, ներքին քաղաքականության մասով, բայց այդ նիստերի ժամանակ արտահերթ ընտրությունների մասին խոսակցություն չի եղել:

-Քաղաքական դաշտը պնդում է, որ Ադրբեջանում փետրվարին կայանալիք արտահերթ ընտրությունների եւ ՔՊ արտահերթի ծրագրերը զուգադիպություն չեն: Ի՞նչ ընդհանրություն կա:

-Իրենք տեսնում են ընդհանրություն, թող տեսնեն: Մեզ մոտ նման հարց չի քննարկվում, բայց մտացածին նման հարց են առաջ բերում, որպեսզի մի հատ էլ ընդհանրություն գտնեն. դա ավելի շատ խոսում է մեր միասնության մասին:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՁԵՌԱՄԲ ԼԵԳԻՏԻՄԱՑՎԱԾ ՉԷ

«Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլեւս գոյություն չունի»,- լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը՝ ընդգծելով, որ դրա համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի՝ Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետը ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։

 

Ավելի ուշ արդեն Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Սամվել Շահրամանյանը հանդիպել է պետական այն մարմինների ղեկավարների հետ, ովքեր շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով:

Հանդիպման ժամանակ Արցախի նախագահը, անդրադառնալով վերջին շրջանում լայն քննարկում ստացած իր՝ սեպտեմբերի 26-ի հրամանագրին, ընդգծել է, որ՝ «Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները»:

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը,  լրատվամիջոցների հետ զրույցում խոսելով Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի այս հայտարարության մասին, ասաց, որ փաստացի կա օկուպացված, էթնիկ զտված ու հայաթափված Արցախի Հանրապետություն, սակայն կա իրավիճակ, երբ այդ ամենն Արցախի իսկ ձեռամբ լեգիտիմացված չէ։

«Եթե որեւէ հղում լինի հրամանագրին, անշուշտ, դա կնշանակի, որ առկա իրավիճակը լեգիտիմացվում է Արցախի ձեռքով. փաստացի ունենք իրավիճակ, որ դա այդպես չէ։ Հայտարարությունը, որ Արցախի նախագահի այդ հրամանագիրն իրավական ուժ չունի, միտված է նրան, որպեսզի հետագայում հնարավորություն ստեղծել կամ չարգելափակել արցախցիների իրավունքների պաշտպանության ուղղված աշխատանքը։ Մեծ հաշվով, թերեւս, այսպիսի մեկնաբանության առաջին ազդակը հենց ինքը՝ Սամվել Շահրամանյանն էր տվել՝ ասելով, որ դրան ավելի ուշ անդրադարձ կլինի։ Հիմա մենք այդ անդրադարձը տեսնում ենք, չեմ բացառում, որ գուցե լինի ավելի հանգամանալից անդրադարձ։

Մյուս կողմից՝ այստեղ նույնիսկ մեկնաբանության հարց էլ չէ, որովհետեւ չի կարող լինել որեւէ պետական կազմավորում՝ ճանաչված, թե ոչ ճանաչված, որտեղ նախագահի ստորագրությունը դառնա այդ կազմավորման լուծարման իրավական ծանրակշիռ հիմք»,- նշեց Հակոբ Բադալյանը։

Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ եթե պատկերացնենք որեւէ պետություն՝ լինի մեծ կամ փոքր, եւ այդ պետության առաջնորդի ստորագրությամբ պետության լուծարում, սա որեւէ կերպ չի կարող տեղավորվել իրավաբանության շրջանակում։

Հարցին՝ գուցե ՀՀ իշխանությունները հենց սրա համար են ասում, որ ՀՀ-ում Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը կվտանգի ՀՀ անվտանգությունը, քանի որ լավ գիտեն, եթե ինստիտուտները գործեն, ապա Արցախը չի կարող լուծարվել, Հակոբ Բադալյանը պատասխանեց, որ ՀՀ իշխանության հայտարարությունները պայմանավորված են առկա ռազմաքաղաքական իրավիճակով, նաեւ ուժերի այն հարաբերակցությամբ, որը հիմա առկա է, եւ միտված են ընդամենը Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացում ապակառուցողականության առիթներ չտալուն։

«Իհարկե, Ադրբեջանի վարքագիծն առանց այդ էլ ապակառուցողական է, եւ Բաքուն այսպիսի որեւէ առիթի չի սպասում որեւէ սադրանքի գնալու համար։ Այդուհանդերձ, կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները միտված են դրան, այսինքն՝ չտալ սադրանքի նոր առիթ։

Միաժամանակ Արցախի պետական ինստիտուտները, որոնք, բնականաբար, տեղահանվել են արցախցիների հետ միասին, կարող են իրենց հետագա գործունեությունը կազմակերպել՝ ըստ հայեցողության։ Այսինքն՝ չեմ կարծում, որ Հայաստանում որեւէ մեկն արգելք լինի այդ գործունեության եւ կազմակերպական ձեւերի ընտրության հարցում։ Պարզապես պաշտոնական Երեւանն իր հայտարարությամբ փորձում է ցույց տալ, որ ինքը որեւէ կերպ չի մասնակցում եւ չի խրախուսում այդպիսի գործունեությունը»,- եզրափակեց Հակոբ Բադալյանը։

 

 

 

«ՏԱՐԻՆ ՄԵԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԿՐԵՆՔ»

«Բավական է մի-երկու ֆեյսբուքյան օգտատեր էդ ապուշությունը գրի, ու դուք գալու եք, ԱԺ նախագահին այդ հարցերը տաք, հա՞»,- երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց հարցին, թե հնարավոր է՝ արտահերթ ընտրությունների հարց են քննարկում ՔՊ-ում: Նա վստահեցրեց, որ դա «ապուշություն է, հիմարություն եւ սուտ». «Ինչի՞ համար են պետք արտահերթ ընտրությունները: ՔՊ-ում կուսակցաշինական հարցեր ենք քննարկում, կուսակցություն ենք ձեւավորում: Ընտրություններից հետո մենք նաեւ քննարկել ենք քաղաքի ընտրության արդյունքները: Հլը մի հատ հարց տամ՝ ինչի՞ համար պետք է գնանք արտահերթ ընտրությունների»: Լրագրողների դիտարկմանը՝ որ ձեզ համար ցանկալի ընդդիմություն բերեք, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Իսկ էս ընդդիմությունը մեզ համար ցանկալի չի՞. մեծամասնություն ունենք, ինչի՞ պիտի գնանք նոր ընտրությունների: Էլ չեմ ասում, որ կարող ենք ու այս պահի դրությամբ պատրաստ ենք տարին մեկ ընտրություններ կրենք, իսկ ընդդիմությունը պատրաստ չի ընդհանրապես ընտրությունների գնա, նույնիսկ քաղաքային ընտրություններին չկարողացան գնալ: Իրենք օրակարգ են ձեւավորում, հետո սկսում են այդ օրակարգի դեմ պայքարել, հո մանկապարտե՞զ չի: Ո՛չ, նման հարց չենք քննարկել: Իմաստը ո՞րն է, բացատրե՛ք: Մենք օրե՞նք ունենք, որ ուզում ենք ԱԺ-ում անցկացնենք, չենք կարողանում. նպատակը մի հատ հնարե՛ք»:

 

 

 




Լրահոս