ԿԱՂԱՊԱՐԵԼՈՒ ԵՎ ԹԻՐԱԽԱՎՈՐԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել. «Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ԱԺ բարձր ամբիոնից մի քանի լրատվամիջոցի հասցեին իրեն թույլ է տվել հիմնազուրկ արտահայտություններ, որոնք ոչ միայն հարիր չեն ԱԺ պատգամավորին, այլեւ իրենց մեջ պարունակում են զրպարտության ու վիրավորանքի, ինչպես նաեւ Քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմ:

 

Այսպես, իր ելույթում Արթուր Հովհաննիսյանը մասնավորապես ասել է.

«Մենք գիտենք՝ հրապարակումները Հայաստանում ոնց են ծնվում: Օրինակ՝ ինչ-որ մեկը կարող է «Ժողովուրդ» օրաթերթին փող տա, ինչ-որ մեկի մասին հոդված պատվիրի, վատ, որ պախարակի մարդուն, ինչը նորմալ երեւույթ է «Ժողովուրդ» օրաթերթի համար, կամ asekose.am-ի կամ «Հրապարակի» համար, ու հետո այդ հրապարակումները գան ու տեղ գտնեն եզրակացության մեջ»:

Նույն օրը «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանն Ազգային ժողովում մոտեցել է Արթուր Հովհաննիսյանին եւ առաջարկել միասին գնալ Ազգային անվտանգության ծառայություն կամ ՀՀ դատախազություն, որպեսզի վերջինս իր հնչեցրած մեղադրանքների առնչությամբ հաղորդում տա ենթադրյալ հանցանքի վերաբերյալ՝ բնականաբար, դրանից բխող բոլոր քրեաիրավական ընթացակարգերի ուղեկցությամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը մերժել է իրավապահներին այցելել՝ հրաժարվելով նաեւ բացատրություն տալ իր հնչեցրած հայտարարությունների համար:

Դեկտեմբերի 15-ին՝ վերոնշյալ զրույցից 1 շաբաթ հետո, «Ժողովուրդ»-ը թեմայի վերաբերյալ տեսանյութ հրապարակեց, որտեղ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, «Մեդիամաքս» լրատվական գործակալության խմբագիր Դավիթ Ալավերդյանը կարծիք հայտնեցին դեպքի առնչությամբ, դատապարտեցին մամուլին լռեցնելու եւ թիրախավորելու՝ իշխանության քայլերը։

Տեսանյութը հրապարակվելուց տառացիորեն ժամեր անց ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային հասցեին գրություն է ուղարկում՝ տեղեկացնելով, որ ԱԺ աշխատակազմը որոշել է դադարեցնել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի հավատարմագրումը։ Հիմնավորումն այն է, որ Քնար Մանուկյանը գտնվել է «արգելված տարածքում, առանց պատգամավորի համաձայնության, իրականացրել է մասնագիտական գործունեություն, շարունակել է հետապնդել եւ հնչեցնել զրպարտական եւ վիրավորական հարցադրումներ…»:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ազատ մամուլը թիրախավորելու բոլոր փորձերը, հատկապես՝ ԱԺ ամբիոնն օգտագործելու ու իշխանական պատգամավորի կարգավիճակից օգտվելու եղանակով էժան, որեւէ փաստական հիմք չունեցող շահարկումների միջոցով:

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նման գործելաոճը, թիմակցին պաշտպանելու՝ պախարակելի մեթոդաբանությունը, ԱԺ պատգամավորին իր ուղիղ պարտականությունները կատարելու, այն է՝ լրագրողի հարցին պատասխանելուց կամայականորեն ազատելու, լրագրողի մասնագիտական գործունեությանը կոպիտ ձեւով միջամտելու, այն խոչընդոտելու հակաօրինական փորձը:

Ցավոք, մամուլը, ազատ խոսքը, լրագրողներին թիրախավորելու, օրենսդրական փոփոխություններով այն կաղապարելու փորձերը, մամուլի վրա կազմակերպված, այդ թվում՝ սոցցանցային հարձակումները, հետապնդումները վերջին տարիներին ավելի ու ավելի այլանդակ բնույթ են կրում, սակայն դրանց հեղինակներին հիասթափություն է սպասվում. ազատ մամուլի վրա տապանաքար դնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման»:

 

 

 

ՀԱՊԿ-Ը ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այն դիրքորոշմանն է, որ ՀԱՊԿ-ը չի աշխատում, քանի որ չի պաշտպանում իր տարածքը, այս դեպքում՝ ՀՀ ինքնիշխան տարածքը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի՝ Հայաստանից դուրս գալու վերաբերյալ հնարավոր հարցին՝ ԱԺ նախագահն ասաց. «Բնական է՝ իրենք չեն ուզելու դուրս գան: Իրենց դուրս գալն իրենց քայլերով է ի ցույց դրվում»:

ԱԺ նախագահը չգիտի Հայաստան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցի նպատակը:

Պատասխանելով հարցին, թե նրա այցից հետո հնարավոր է արդյոք, որ հայկական կողմում ինչ-որ բան փոխվի, Սիմոնյանն ասաց. «Դիրքորոշումը կփոխվի այն ժամանակ, երբ ՀԱՊԿ-ը կհայտարարի, որ ադրբեջանական զինուժը գտնվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, այսինքն՝ ՀԱՊԿ-ի տարածքում, եւ իրենք ՀԱՊԿ բոլոր երկրներով պահանջում են, որ այդ զինուժը դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից: Պետք չէ, որ բելառուս, ղազախ զինվորները գան այստեղ եւ ուժով դուրս հանեն, բայց գոնե մինչեւ նման հայտարարություն չլինի, ՀԱՊԿ-ը չի աշխատում: Եթե ՀԱՊԿ-ը իր տարածքը չի պաշտպանում, ուրեմն ՀԱՊԿ-ը չի աշխատում»,-ասաց Սիմոնյանը:

 

 

 

ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

Դեկտեմբերի 21-ին Փարիզում տեղի են ունեցել հայ-ֆրանսիական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները։

Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության վարչության պետ Լեւոն Այվազյանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

Ֆրանսիական կողմից խորհրդակցությունները վարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարության դիրեկտորատի տնօրեն Ալիս Ռուֆոն։

Խորհրդակցությունների ընթացքում հանգամանորեն քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, նաեւ համագործակցության օրակարգային հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։

 

 

ԱՉՔԻՆ ԹՈԶ ԵՆ ՓՉՈՒՄ

Դեկտեմբերի 19-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ, ամփոփելով կուսակցության 3-րդ ժողովի արդյունքները, վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ից հեռացրել է Սարգիս Ալեքսանյանին ու Արտուշ Եղիազարյանին: Նախնական տվյալների համաձայն՝ պատճառը եղել է նրանց կողմից կարգապահական որոշ խախտումների արձանագրումը:

ArmLur.am-ի տեղեկատվության համաձայն՝ պատճառը եղել է այն, որ վերջիններս կուսակցության անդամ դառնալուց հետո սկսել են բարգավաճում ապրել իրենց կենսակերպի մեջ:

ArmLur.am-ի աղբյուրները հաղորդում են, որ տեւական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ուսումնասիրում են իրենց կուսակցության յուրաքանչյուր անդամի վարքուբարքը, նրանց պահվածքը տարբեր միջավայրերում ու ողջ առօրյան՝ հասկանալու՝ ով ինչով է զբաղված: Սարգիս Ալեքսանյանը, որը թունդ նիկոլական է եւ շատ սերտ կապեր ունի Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ական վերնախավի հետ, ինչպես նաեւ ՔՊ-ի կուսակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի մտերիմ ընկերն է, սկսել է աչքի ընկնել իր ապրելակերպով:

Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ականներին անհանգսացրել է Սարգիս Ալեքսանյանի այդ պահվածքն ու բարգավաճող կյանքը, քանի որ նա ո՛չ պատգամավոր է, ո՛չ էլ պաշտոնյա:

Ըստ այդմ էլ՝ Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը անհանգստացել են, թե ինչի շնորհիվ է նրանց կյանքն այդպես «աճել»:

Փաշինյանն էլ, անհանգստանալով, որ նրանք կպախարակվեն ժողովրդի կողմից, ժողովրդի աչքին թոզ փչելու համար նրանց հեռացրել է կուսակցության շարքերից:

ArmLur.am-ը պարզելու համար, թե ինչի շնորհիվ է Ալեքսանյանն սկսել շքեղ մեքենաներ վարել ու լավ ու ճոխ կյանքով ապրել, փորձել է կապ է հաստատել վերջինիս հետ, սակայն Ալեքսանյանի հեռախոսահամարը շարունակում էր անհասանելի մնալ:

Հ. Գ. Ստացվում է, որ հարստանալ կարող են միայն գործող պաշտոնյաները, իսկ մյուսները, որոնք պաշտոն չունեն, եւ իրենց կյանքում որոշակի կենսամակարդակի փոփոխություն է եղել, ապա պետք է հեռացվեն ՔՊ-ից:

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

ՈՒՂԵՐՁ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահին՝ երկրի ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքները Քուվեյթի Պետության ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ։ Մաղթում եմ նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ Ձեր այս առաքելության իրագործման ճանապարհին։

Մեր երկրների միջեւ առկա հարաբերություններն ունեն զարգանալու եւ խորանալու ներուժ։ Պատրաստակամություն եմ հայտնում միասնական աշխատանքի շնորհիվ առավել ամրապնդելու երկկողմ բարեկամական հարաբերությունները համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր երկու ժողովուրդների։

Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ հարատեւ խաղաղություն եւ բարօրություն»։




Լրահոս