ԱՄԵՆԱՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՄԵԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր՝ մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննված հսկայածավալ քննչական եւ վարութային գործողությունների, ՀՀ ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ թմրամիջոցների մաքսանենգության ամենամասշտաբային դեպքերից մեկը ինչպես շրջանառված թմրամիջոցների, այնպես էլ դրանց իրացումից առաջացած դրամական միջոցների ծավալների, ներգրավված անձանց քանակի տեսանկյունից։ Մասնավորապես, տեւականորեն եւ տակտիկապես արդյունավետ իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Ուկրաինայի Հանրապետությունում բնակվող ՀՀ քաղաքացի Մ.Ա.-ն ՀՀ-ի տարածքով տարանցիկ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով տարատեսակ թմրամիջոցներ տեղափոխելու, ինչպես նաեւ ՀՀ տարածքում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացում կատարելու նպատակով ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր կազմակերպություն: Քննությամբ պարզվել է խմբի անդամներից եւս 10-ի ինքնությունը։ Հանցավոր խմբի կազմում, որպես ղեկավարներ, ընդգրկվել են Բ.Ա.-ն եւ Ա.Հ.-ն, իսկ որպես մասնակիցներ՝ Ն.Մ.-ն, Գ.Ա.-ն, Հ.Հ.-ն, Մ.Ա.-ն, Զ.Հ.-ն, Վ.Մ.-ն, Ս.Դ.-ն, Հ.Գ.-ն, ինչպես նաեւ քննությամբ դեռեւս չպարզված այլ անձինք։

 

Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ 2020թ. ընթացքում խմբի առանձին անդամներ, հիմնականում՝ որպես ղեկավար հանդես եկած անձանց ցուցումով, «Հերոին» տեսակի՝ ընդհանուր շուրջ 1կգ 360 գրամ, «Մեթամֆետամին» տեսակի՝ ընդհանուր 15,12 գրամ, 1 գրամը չգերազանցող չափով «Մորֆին», «Ացետիլկոդեին» տեսակի թմրամիջոցներ են իրացրել՝ կազմակերպելով ու ապահովելով դրանց մի մասի տեղադրումը Երեւան քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում՝ ռեստորանային համալիրի, բժշկական կենտրոնի, արագաչափ սարքի մոտակայքում, որոնք ձեռք են բերվել այլ՝ ինքնությունը բացահայտված եւ դեռեւս չբացահայտված անձինք։ Թմրամիջոցների մի մասն իրացնել չի հաջողվել, քանի որ խմբի այդ անդամների մի մասը ձերբակալվել է, եւ նրանց անձնական, ինչպես նաեւ նրանց բնակարաններում, ավտոմեքենայում, այլ շինություններում հայտնաբերվել են նշված թմրամիջոցները։ Բացի այդ, հանցավոր կազմակերպության ղեկավար Մ.Ա.-ի եւ ԻԻՀ քաղաքացու միջեւ ձեռք բերված նախնական համաձայնության արդյունքում ԻԻՀ-ից ՀՀ տարածքով դեպի արտերկիր տեղափոխելու եւ ՀՀ-ում իրացնելու նպատակով ԻԻՀ քաղաքացին  հանցավոր խմբի անդամների միջոցով ապահովել է մի քանի խմբաքանակներով, առանց մաքսային հսկողության, նախ՝ 2570 գրամ «Հերոին» տեսակի, ապա՝ նաեւ 4964 գրամ «Ափիոն», 4982 գրամ «Հերոին», 3965 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի ապօրինի տեղափոխումը Հայաստան։ Սակայն մի դեպքում Կապան քաղաքից դեպի Ծավ գյուղ տանող ճանապարհին ԻԻՀ քաղաքացին, մյուս դեպքում թմրամիջոցը ավտոմեքենայով տեղափոխող հանցավոր խմբի անդամներից մեկը դեպի Երեւան տանող ճանապարհին բռնվել են ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից եւ կալանավորվել։ Ընդ որում՝ դա տեղի է ունեցել խմբի առանձին անդամների կողմից իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում։

 

 

 

Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերոդի դիմումի հիման վրա,  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 138-րդ հոդվածի, ինպես նաեւ այդ դրույթների հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի այլ դրությների՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՀՀ սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մաս.

 

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 170-րդ հոդվածը, ինչպես նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64եւ 68-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

  1. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի եւ նրա տեղակալի՝ իրեն վերապահված պաշտոններում թեկնածուներ առաջադրելն իրավասու խմբակցության ոչ թե իրավունքն է, այլ պարտադիր լիազորությունը:
  2. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 5-րդ մասն այնքանով, որքանով նախատեսում է Ազգային ժողովի խմբակցությունների կողմից մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունքը որոշելուց հետո փոխհամաձայնությամբ մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրենց իրավունքը միմյանց զիջելու հնարավորություն, ճանաչել Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող:
  3. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 12-րդ մասը ճանաչել Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող:
  4. Հաշվի առնելով իրավական անվտանգությունը չխաթարելու անհրաժեշտությունը՝ Սահմանադրության 170-րդ հոդվածի 3-րդ մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 4-րդ կետին եւ 19-րդ մասին համապատասխան` Սահմանադրական դատարանի սույն որոշմամբ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2024 թվականի մայիսի 31-ը՝ հնարավորություն ընձեռելով Ազգային ժողովին՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշմանը:
  5. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է Լեռնային Ղարաբաղում սույն թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին հարող տարածքում գտնվող վառելիքաքսուկային նյութերի պահեստում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով նախաքննության միջանկյալ արդյունքները։ Ըստ այդմ՝ իրականացված քննչական եւ այլ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 218 անձ, որոնցից 2-ը հանդիսացել են պահեստում ծառայություն իրականացնող ԼՂ ոստիկանության զորքերի ծառայողներ, 31-ը՝ զինծառայող, այդ թվում՝ 9 սպա, 5 ենթասպա, մյուսները՝ շարքային կազմի ներկայացուցիչներ։

Պայթյունի եւ դրանից հետո բռնկված հրդեհի հետեւանքով առնվազն 120 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ հիմնականում այրվածքների տեսքով։ Քննության այս պահի տվյալներով՝ անհայտ է 21 անձի գտնվելու վայրը։

Պայթյունի հետեւանքով մահացած 218 անձից 3-ի ինքնությունը քննությամբ դեռեւս հնարավոր չի եղել պարզել, քանի որ նշված անձանց հարազատները դեռեւս չեն դիմել եւ չեն հանձնել դատագենետիկական փորձաքննություն նշանակելու նմուշ՝ անհրաժեշտ նույնականացումը կատարելու համար։

 

 

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Երեւան քաղաքի Բեկնազարյան 5 հասցեում գործող, Գեւորգ Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոցին հատկացված, պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի կադաստրային գործը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւանի քաղաքապետի՝ 2002 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ՝ դպրոցին անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով հատկացվել է 19.080 քմ հողատարածք: Երեւանի քաղաքապետի՝ 2008 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ՝ դպրոցին հատկացված վերոնշյալ տարածքից 148.71 քմ մակերեսով հողատարածքը, որի վրա քաղաքացի Ս.Յ.-ի կողմից կառուցված է եղել ինքնակամ արտադրական շինություն՝ 132.4 քմ մակերեսով, ճանաչվել է Երեւանի քաղաքապետարանի սեփականություն եւ նույն թվականի նոյեմբերի 14-ին ուղղակի վաճառքով օտարվել այն կառուցած քաղաքացուն: Մինչդեռ, «Կրթության մասին» օրենքի համաձայն՝ պետական ուսումնական հաստատությունների գույքն օտարվելու դեպքում կարող է օգտագործվել միայն ուսումնական նպատակներով։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են առերեւույթ հանցանքի վերաբերյալ, ինչպես նաեւ այլ դեպքեր՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:




Լրահոս