ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարն ամփոփում է Հայաստան այցը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն եւ փախստականների եւ միգրանտների կարիքներին արձագանքման հարցերով Եվրոպայում հատուկ համակարգող Ռեջինա դե Դոմինիչիսն ընդգծել է Հայաստանում փախստական երեխաներին շարունակական աջակցության անհրաժեշտությունը։
Այցի ընթացքում դե Դոմինիչիսը հանդիպել է ՀՀ կառավարության պաշտոնատար անձանց՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Քննարկումներն ընթանում էին ընթացիկ բարեփոխումներին ուղղված աջակցության եւ Հայաստանում երեխաների հիմնական առաջնահերթությունների շուրջ:
Դե Դոմինիչիսը վերահաստատեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հանձնառությունը՝ շարունակելու գործակցել ՀՀ կառավարության հետ հումանիտար-զարգացման ծրագրերի շրջանակում՝ ապահովելու բոլոր երեխաների, այդ թվում՝ փախստական երեխաների եւ ընտանիքների համար հավասար հասանելիություն պաշտպանության, առողջապահության, կրթության եւ սոցիալական աջակցության ծառայություններին:
Սեպտեմբերին փախստականների ներհոսքին արձագանքելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերապատրաստել է առաջնագծում հարյուրավոր սոցիալական աշխատողների՝ տրամադրելու հոգեբանական առաջին օգնություն եւ աջակցություն եւ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամք՝ արդեն ընդգրկելով 7025 երեխայի, դեռահասների եւ խնամակալների:
«Տեղահանումը խորապես ազդում է երեխաների վրա: Չպետք է մոռանանք, որ 30,000 երեխայի եւ նրանց ընտանիքներին անհրաժեշտ են ընթացիկ հոգեբանական աջակցություն եւ մշտական հասանելիություն կենսական նշանակության ծառայություններին», -նշել է դե Դոմինիչիսը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը մինչեւ 2024 թ.-ի մարտ ամիսը 12,6 մլն ԱՄՆ դոլարի հանգանակության կոչ է արել փախստական երեխաների եւ նրանց ընտանիքների կարիքները հոգալու համար: Այս կոչը միայն 40 տոկոսով է ֆինանսավորված:
Ավելի քան 3700 դպրոցահասակ երեխաներ ստացել են դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ եւ ուսումնական այլ պարագաներ, իսկ հինգ մարզերի մանկապարտեզների 320-հոգանոց աշխատակազմը վերապատրաստվել է բոլոր երեխաների համար ներառական ուսումնական միջավայր ապահովելու համար: Աշխատանքներ են տարվում 14,000 երեխաների ընտանիքների այս տարի հագուստի վաուչեր տրամադրել, իսկ 2,500 հղի եւ նոր ծննդաբերած կանանց՝ դեղատներից օգտվելու վաուչերներ:
Այցի ընթացքում դե Դոմինիչիսը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Ավանեսյանի հետ այցելել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ գործող կենտրոն, որը խնամք եւ աջակցություն է տրամադրում խոցելի երեխաներին եւ ընտանիքներին, այդ թվում՝ բռնություն վերապրած եւ փախստական երեխաներին: Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոնը» երեխաների եւ նրանց ընտանիքների համար ապահով վայր է, որտեղ նրանք կարող են օգտվել կենսական նշանակության, այդ թվում՝ հոգեսոցիալական աջակցության եւ առողջապահության ծառայություններից: Կենտրոնը նաեւ աջակցում է կախել ընտանիքների բաժանումը:
«Կենտրոնում ես հանդիպեցի Հիլդա անունով մի փոքրիկ աղջկա, որ, չնայած իր դժվարություններին, պատմեց ինձ, որ սիրում է իր դպրոցը, մաթեմատիկան եւ ցանկանում է նկարիչ դառնալ: Նրան դուր է գալիս կենտրոն գալ, քանի որ այնտեղ նա խաղաղություն է գտնում: Կենտրոնը փրկօղակ է երեխաների եւ նրանց ընտանիքների համար, իսկ սոցիալական աշխատողները եւ հոգեսոցիալական աջակցության մասնագետները անհավանական աշխատանք են կատարում գործերի կառավարման եւ ուղղորդման հարցում», – նշել է դե Դոմինիչիսը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է աշխատել ՀՀ կառավարության, գործընկերների եւ քաղաքացիական հասարակության հետ՝ երեխաների եւ նրանց ծնողների համար հոգեկան առողջության եւ հոգեսոցիալական աջակցության հասանելիությունն ընդլայնելու համար՝ միաժամանակ երկարաժամկետ հեռանկարում շարունակելով ուժեղացնել համայնքային ծառայությունները:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում գործում է 1994 թվականից եւ աջակցում է կառավարությանը երեխաների պաշտպանության, կրթության, առողջապահության եւ սոցիալական քաղաքականության ոլորտներում՝ Հայաստանի երեխաների կարիքների արձագանքմանն ուղղված ծրագրերի մշակման եւ իրականացման գործում՝ կենտրոնանալով բնակչության առավել խոցելի շերտերի վրա։
ՀԱՅ ԿԻՆՈՅԻ 100-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն հրատարակել է «Հայկական կինոնյութեր եւ փաստաթղթեր (1909-1936)» գիրքը:
«Հայկական կինոնյութեր եւ փաստաթղթեր (1909-1936)» գիրքը հրատարակվել է Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագրի շրջանակում: Օրերս տեղի է ունեցել հրատարակության շնորհանդեսը:
Շնորհանդեսին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, անվանի արվեստագետներ, կինոգործիչներ:
«Հայկական կինո. նյութեր եւ փաստաթղթեր (1909-1936)» գիրքը եզակի հրատարակություն է: Գրքում տեղ են գտել հայ կինոյի կայացման վաղ տասնամյակներին վերաբերող բացառիկ արխիվային նյութեր, որոնց մեծ մասը հանրությանը ներկայացվում է առաջին անգամ։
600 էջանոց այս գրքում ժողովված են շուրջ 375 փաստաթուղթ, 214 լուսանկար եւ այլ նյութեր։
Գրքի հեղինակը «Ֆիլմադարան» ՀԿ-ի նախագահ, կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանն է: Կազմողներն են Գարեգին Զաքոյանը, Մարինա Մարտիրոսյանը, հրատարակիչ՝ «Անտարես» հրատարակչություն:
ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 22-ին՝ ժամը 15։45-ին, ահազանգ է ստացվել, որ հինգ դեռահաս իջել են Նուռնուս գյուղի մոտակա ձորը եւ տեղանքի դժվարանցանելիության պատճառով չեն կարողանում ինքնուրույն բարձրանալ. երեխաներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Դեռահասներից մեկն ինքնուրույն դուրս է եկել ձորից:
Փրկարարները Դ. Մ.-ին (ծնված 2011 թ.), Գ. Ե.-ին (ծնված 2010 թ.), Ս. Խ.-ին (ծնված 2010 թ.) եւ Տ. Ս.-ին (ծնված 2010 թ.) ուղեկցել են անվտանգ տարածք. բժշկական օգնության անհրաժեշտություն չի առաջացել։
ԱՌԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը վավերացրեց արձանագրություն, որով Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան մուտք գործել Արաբական Էմիրություններ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ 2009 թվականի հունիսի 21-ի՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությանը կողմ է քվեարկել 88 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0։
Ներկայացնելով նախագիծը՝ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նշել է, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը գրեթե բոլոր բնագավառներում զարգանում է դինամիկ կերպով, առկա է ընդգրկուն երկկողմ օրակարգ: Միացյալ Էմիրությունները տարածաշրջանում ՀՀ առաջին առեւտրային գործընկերն է:
«Յուրաքանչյուր շաբաթ մոտ 30 թռիչք է լինում Հայաստանից Էմիրությունների տարբեր քաղաքներ:
Արձանագրության վավերացման արդյունքում երկու երկրների՝ 6 ամսից ոչ պակաս վավերականության ժամկետով անձնագրեր ունեցող քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ եւ տարանցմամբ տեղաշարժվել իրենց համապատասխան երկրների տարածքով՝ առանց մուտքի արտոնագրի եւ վճարի: Մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատված անձնագրեր են համարվում երկու երկրների վավերացման դիվանագիտական, հատուկ, պաշտոնական եւ սովորական անձնագրերը: Նշված անձնագրեր ունեցող կողմերի քաղաքացիներին թույլատրվում է գտնվել մյուս կողմի երկրի տարածքում առավելագույնը 90 օր ժամկետով»,- ասել է Կոստանյանը։