Հայաստանը 200 հազար դոլար է վճարել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետությունը հունվարի 10-ին 200 հազար դոլար՝ 81 մլն 526 հազար դրամ է փոխանցել Միջնորդ դատարանի մշտական պալատին (Permanent Court of Arbitration)՝ որպես գրավ։ Փոխանցումը ձեւակերպվել է որպես «արբիտրաժային դատարանի ծախսեր»։ Գումարը որպես գրավ փոխանցվել է ««Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործի առնչությամբ։

«Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ի մասին համացանցի աղբյուրներում որեւէ տվյալ չկա, սակայն տարիներ առաջ խոսվում էր, որ Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը կարող է դիմել միջազգային արբիտրաժային դատարան, քանի որ հանք տանող ճանապարհն արգելափակված էր, իսկ Հայաստանի կառավարությունը մի կողմից դեմ չէր հանքի շահագործմանը, մյուս կողմից ոչինչ չէր անում այդ շահագործումը հնարավոր դարձնելու եւ ճանապարհը բացելու համար:

Միայն 2023 թվականի փետրվարին ՀՀ կառավարությունը համարձակություն ունեցավ հայտարարելու, որ ոչ միայն համաձայն է, որ հանքը շահագործվի, այլեւ դրան փայատեր է դարձել, ինչպես դա եղավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում։ Կառավարությունը, ի դեմս էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, հայտարարեց, որ կառավարությունն անհատույց ստանալու է «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12.5%-ը։ Ուստի ենթադրվում է, որ «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն փոխկապակցված է «Լիդիան Արմենիայի» հետ։

Ինչ վերաբերում է Միջնորդ դատարանի մշտական պալատին, ապա այն միջազգային արբիտրաժային դատարան է, որին անդամակցում է շուրջ 100 պետություն, դատարանն ընդունում է ինչպես պետությունն ընդդեմ պետության, այնպես էլ միջազգային մասնավոր կազմակերպություններն ընդդեմ պետության հայցադիմումներ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




Լրահոս