Այսօր ԱԺ հերթական նիստի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» նախագիծն ընդունվեց ամբողջությամբ:
Չնայած ՔՊ-ում՝ նախագծի հետ կապված մի շարք տարաձայնություններին՝ իշխանականները կողմ քվեարկեցին դրան:
Հայկ Սարգսյանի նախագծին կողմ քվեարկեց նաև Հովիկ Աղազարյանը, ով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել էր, որ օրենքի ոգու հետ համաձայն չէ ու ամեն ինչ անելու է, որ Հայկ Սարգսյանի նախագիծը չընդունվի:
Հարցի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Հովիկ Աղազարյանի հետ:
-Պարո՛ն Աղազարյան, խոստացել էիք՝ ամեն ինչ անելու եք, որ Հայկ Սարգսյանի նախագիծը չընդունվի, ինչու՞ մտափոխվեցիք ու այսօր կողմ քվեարկեցիք նախագծին:
-Ես չկարողացա իմ ընկերներին հակառակը համոզել, ես միշտ քվեարկում եմ այնպես, ինչպես քվեարկում է խմբակցությունը:
-Մի՞շտ եք որոշումներն այդպես կայացնում՝ մի կողմ եք դնում ձեր անձնական կարծիքը ու վարվում եք այնպես, ինչպես թիմը որոշի:
-Միշտ այդպես է եղել, այդպես էլ լինելու է: Ես իմ առանձին կարծիքն ունեմ, ես հայտնում եմ իմ առանձին կարծիքը, բայց իրավունք չունեմ մտածելու, որ իմ կարծիքն ամենաճիշտն է: Հետևաբար, երբ իմ ընկերների մոտ իմ կարծիքն ընդհանուր ըմբռնում չի առաջացնում, ես ենթարկվում եմ մեծամասնության որոշմանը:
-Իսկ ինչու՞ չհաջողվեց ձեր թիմակիցներին համոզել:
-Երևի լավ չկարողացա հիմնավորել իմ թիմակիցներին, բայց հիմա էլ համոզված եմ, որ դա վատ նախագիծ է, որ բացի վնասից օգուտ չի տալու, շատ շուտ դրանում կհամոզվենք՝ մի 6-7 ամսում կհամոզվենք, որ դրանից միայն վնաս է լինելու, կարող ա այդ ժամանակ վերանայեն:
-Պարո՛ն Աղազարյան, ստացվում է՝ կանխատեսում եք, որ նախագիծը վնաս է հասցնելու պետությանը, հասարակությանը, բայց աչք եք փակում դրա վրա ու միայն ձեր թիմի ասածով եք շարժվում:
-Հիմա ես մտահոգություններ հայտնել եմ, որ իմ ընկերներն էլ այդ ուղղությամբ մտածեն, բայց միանշանակ չէ, որ պետք է նրանք դեմ քվեարկեին՝ կարող է ճիշտն իրենք են:
Իմ սկզբունքն է եղել երիտասարդ տարիքից, որ թիմի անդամը լսելի լինի, բայց չհավակնի, որ իր ասածն ամենաճիշտն է, պայքարի իր տեսակետի համար, բայց եթե իր տեսակետը լայն շրջանակներում հավանության չի արժանանում, ապա պարտավոր է ենթարկվել թիմի որոշմանը:
Քրիստինա Մուշեղյան