Չարենցավանում բնակություն է հաստատել 2700 բռնի տեղահանված արցախցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«2023թ. Արցախի հայաթափումից հետո Չարենցավան համայնքում բնակություն է հաստատել ավելի քան 2700 բռնի տեղահանված արցախցի։ Սկզբնական շրջանում եղել են մարդիկ, որ բնակվել են համայնքում գործող հյուրանոցներում, բայց կարճ ժամանակահատվածում համայնքի եւ նրանց համատեղ ջանքերով հնարավոր եղավ նրանց առանձին բնակարաններով ապահովելը»,-ArmLur.am-ի հետ զրույցում ասել է Չարենցավանի համայնքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթենիկ Բալաբեկյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ արցախցիները համայնքում փորձում են հնարավորինս շուտ ինտեգրվել. որոշներն արդեն աշխատում են, իսկ որոշներն էլ իրենց սեփական գործն են սկսել համայնքում։

«Արցախցիներին համայնքը գրկաբաց է ընդունել։ Նրանք էլ աշխատասեր մարդիկ են, առաջին օրվանից փորձել են աշխատանք գտնել՝ սեփական ուժերով առաջնային կարիքները հոգալու համար։ Այս պահին արցախցիներն աշխատում են համայնքում գործող կարի ֆաբրիկաներում, խանութներում, դպրոցում, մանկապարտեզում, շատերն էլ սեփական մեքենայով տաքսի ծառայությամբ են զբաղվում։ Ողջունելի է նաեւ այն, որ համայնքում մեր հայրենակիցներն իրենց սեփական գործն են սկսել։ Համայնքում բացել են բանջարեղենի եւ հրուշակեղենի խանութներ, որտեղ ներկայացնում են արցախյան խմորեղենները։ Այդպես նրանք եւ՛ ավելի ամուր կպահպանեն իրենց ավանդական խոհանոցը, եւ՛ նոր մշակույթ ու կոլորիտ կբերեն մեր համայնք»,- ասում է Ս. Բալաբեկյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ պետական աջակցությունից բացի համայնքապետարանը եւս սննդի, կենցաղային, տնտեսական ապրանքների տեսքով աջակցություններ է տրամադրել Արցախից բռնի տեղահանված անձանց։

Նանիկ Աղասյան




Լրահոս