
Օրերս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով
զբաղեցրած պաշտոնից ազատվեց ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի
գլխավոր վարչության պետի տեղակալ Սիսակ Ավետիսյանը: Սիսակ Ավետիսյանը, որին համակարգում
ճանաչում են Սուրիկ անունով, այդ պաշտոնում հասցրել է աշխատել ընդամենը 25 օր: “ՉԻ» տեղեկություններով` այդ տեղում հայտնվելու համար
նա կարգին «մաղարիչ» է արել վերևներում, հետո, երբ նշանակվել է` միանգամից սկսել է
տնավորվել: Նախ միանգամից սկսել է վերանորոգել աշխատասենյակը, սեփական օգտագործման
սանհանգույց սարքել, թանկարժեք կահույք գնել և այլն: Մեր տեղեկություններով` նա մոտ
8 հազար ԱՄՆ դոլար է ծախսել միայն այդ աշխատասենյակի կոսմետիկ վերանորոգման համար,
սենյակ, որտեղ նա բախտ է ունեցել գտնվելու ընդամենը 25 օր: Ի դեպ, Սիսակ Ավետիսյանը`
Սուրիկը, բավականին տևական ժամանակ է, ինչ համակարգում է: Նա պատկանում է այն ոստիկանների
շարքին, որոնք սեփական օբյեկտ ունեն: Մասնավորապես` նա մասնաբաժին ունի Ազատության
հրապարակում գտնվող “Ատլանտիկ” սրճարանից: Հիշեցնենք, որ “Ատլանտիկը” ժամանակին պատկանում էր ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանին,
որը պաշտոնանկությունից որոշ ժամանակ անց վաճառեց իր մասնաբաժինը: