Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն անդրադարձել է Օղակաձև զբոսայգում «Մուլտի Ուելնես» մարզաառողջարանական համալիրի ու «Քուին Բուրգեր» արագ սննդի կետի գործունեությանը։
Լրագրողների հարցին ի պատասխան՝ նա ասել է, որ քանի դեռ այդ հատվածի բարեկարգման ներդրումային ծրագիր չի ներկայացվել Երևանի քաղաքապետարան, դրանք կշարունակեն գործունեությունը։
Նա նաև շեշտել է, որ «Մուլտի Ուելնեսն» ու «Քուին Բուրգերը» օղակաձև զբոսայգում գտնվում են վարձակալական հիմունքներով, ինչպես և մնացած օբյեկտները․
«Եթե դիտարկում եք Խաչատուր Սուքիասյանի, Գագիկ Ծառուկյանի անունները, եկեք չմոռանանք նաև «Տաշիր պիցցան»: Մտածում եք՝ քաղաքապետարանի «ուժը պատում է» «Տաշիր պիցցայի» վրա, բայց չի պատում «Մուլտի Ուե՞լնեսի» վրա: Չարաչար սխալվում եք»,- ասել է Կոստանյանը:
Ըստ Կոստանյանի՝ եթե ներդրող լինի, որը կցանկանա Օղակաձև այգու 3-րդ հատվածը վերակառուցել ու այն այգի դարձնել, ծրագիրը կյանքի կկոչվի։