Վերջին տարիներին երեկոյան Երևանում ակտիվանում է մշակութային կյանքը, այդ թվում՝ թատրոն, օպերա, բալետ և համերգներ: Հաճախ, սակայն, նման վայրեր ներկայանալու համար նախատեսված էթիկետի կանոնների չիմացությունը՝ խանգարում է ներկայացման ընթացքն ու շեղում հանդիսատեսի ուշադրությունը:
ArmLur.am-ը ձեզ է ներկայացնում մի քանի պարզ կանոններ, որոնց պետք է տիրապետել՝ մշակութային միջոցառումներին ներկայանալիս:
Ներկայանալ ժամանակին
Առաջին կանոնը ներկայացմանը ճիշտ ժամանակին գալն է, ինչը ենթադրում է ներկայացումից առնվազն 15 րոպե առաջ լինել նախասրում, որպեսզի կարողանաք այն սկսելուց 5 րոպե առաջ զբաղեցնել ձեր տեղը:
Օգտվել հանդերձարանից
Ներկայացմանը մտնելուց առաջ մի մոռացեք հանել ձեր վերարկուն և հանձնել հանդերձարան, քանի որ սրահում այն կարող է խանգարել թե՛ Ձեզ, թե՛ Ձեր կողքիններին: Բացի այդ վերարկուով դահլիճում նստելը անհարգալից վերաբերմունքի նշան է:
Ներկայացման գալ պատշաճ հագուկապով
Օպերա, թատրոն կամ համերգասրահ մտնելիս պետք է պատշաճ տեսք ունենալ: 20-րդ դարում նման միջոցառումներին ներկայանալու համար պարտադիր պայման էր համարվում երեկոյան հանդերձանքը, սակայն այսօր պարզ դասական հագուկապն է ընդունելի: Չի կարելի ներկայացման գնալ ջինսե տաբատներով, սպորտային կոշիկներով և հագուստով, բաց հագուկապով:
Չօգտագործել չափից շատ օծանելիք
Ներկայացումից անմիջապես առաջ մի թարմացրեք օծանելիքը, քանի որ այն կարող է նեղություն պատճառել Ձեր կողքին նստած հանդիսատեսին:
Անջատել բջջային հեռախոսը
Ներկայացմանը մտնելուց առաջ մի մոռացեք անջատել բջջային հեռախոսը՝ դերասանների ուշադրությունը չշեղելու և հանդիսատեսին չխանգարելու նպատակով:
Շարժվել դեմքով դեպի հանդիսատեսը
Երբ անցնում եք շարքերի միջով, ապա հիշե՛ք, պետք է շարժվել դեմքով դեպի հանդիսատեսը, այլ ո՛չ թե հակառակը:
Նստել միայն Ձեր տեղում
Դահլիճում զբաղեցրեք միայն Ձեր տոմսի վրա գրված նստատեղը, որպեսզի խուսափեք անհարմար իրավիճակներից և ավելորդ շարժ չստեղծեք:
«Չ» անել
Ներկայացման ընթացքում չի կարելի ծխել, ուտել և խմել, ինչպես նաև չի կարելի զրուցել կամ հեռախոսով խոսել: Անհարգալից է նաև հեռախոսով այլ զբաղմունք փնտրելը:
Ներկայացման ընթացքում դուրս չգալ դահլիճից
Եվրոպական մի շարք երկրներում դահլիճի մուտքին չհասած փակցված են վահանակներ, որոնց վրա հստակ նշված են այն գործողությունները, որոնք պետք է անել մինչև ներկայացման սկիզբը. «Սանհանգույց այցելեք նախքան ներկայացումը, կամ ընդմիջման ընթացքում»: Սա նպատակ ունի ապահովել ներկայացման անխափան ընթացքը:
Հիշե՛ք, եթե ներկայացումը Ձեզ դուր չի գալիս, ապա դահլիճը լքեք միայն ընդմիջման ընթացքում: Այդպիսով դուք չեք խանգարի Ձեր կողքին նստած մարդկանց և չեք անհարգի ելույթ ունեցողներին:
Բարի վայելում:
Հուրի Բաղդասարյան