ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնմանը`անձնակազմի 138 աշխատակիցների թիվը հասցնելով 209-ի:
Այս մասին հայտնել է առաքելության մամուլի ծառայությունը։
Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ծավալների մեծացման մասին որոշումն ընդունվել է ԵՄ երկրների արտգործնախարարների կողմից անցած տարվա դեկտեմբերի 11-ին։
«Մենք ողջունում ենք ԵՄ-ի խորհրդի որոշումը՝ ընդլայնել ԵՄ առաքելությունը: Առաքելության անձնակազմի ավելացումը ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման գործում»,- ասված է հայտարարության մեջ:
ԵՄ կայքում հրապարակված որոշման մեջ նշվում է, որ 2023 թվականի հունվարի 23-ից մինչև 2025 թվականի փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում առաքելության հետ կապված ծախսերը հոգալու համար նախատեսված հիմնական ֆինանսական գումարը կկազմի 39 միլիոն 35 հազար եվրո։