Կիպրոսը ԼՂ-ից բռնի տեղահանվածների բուժման համար 15 հազար 200 եվրոյի դեղորայք և բժշկական նյութեր է ուղարկել Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի և քաղաքացիական պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Եվրոպական քաղաքացիական պաշտպանության մեխանիզմով Կիպրոսի Հանրապետությունից Հայաստան մարդասիրական օգնություն առաքելու մասի:

«Կիպրոսը չէր կարող անմասն մնալ Քաղաքացիական պաշտպանության եվրոպական մեխանիզմի կոչին` հումանիտար օգնություն ուղարկել հայ ժողովրդին Ադրբեջանի ձեռնարկած գործողությունների արդյունքում վերջին դրամատիկ իրադարձություններից և ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 հայերի Հայաստան տեղափոխությունից հետո:

Կիպրոսի Հանրապետությունը արձագանքելով Հայաստանի դիմումին և վերջինիս կողմից Արցախի հայերի ընդունման համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո երեկ՝ հունվարի 16-ին, Արցախից տեղահանված փախստականների բուժման համար Հայաստան է ուղարկել Պետական առողջապահական ծառայությունների կազմակերպության կողմից տրամադրված 15.200 եվրո արժողությամբ բժշկական ապրանքներ (դեղորայք և բժշկական նյութեր)։

Բեռի առաքումն իրականացվել է երեկ կեսօրին, օդային ճանապարհով ՝ Cyprus Airways ավիաընկերության չվերթով, որն անվճար իրականացրել է տրանսպորտային տեղափոխումը։

Ցանկանում ենք հրապարակայնորեն մեր ջերմ շնորհակալությունը հայտնել այս արժեքավոր աջակցության համար և հուսով ենք, որ մեր համագործակցությունը կտարածվի նաև այլ մարդասիրական գործողությունների և նախաձեռնությունների վրա»,- ասված է Կիպրոսի ԱԳՆ-ի X-ի (նախկին «Թվիթեր») միկրոբլոկում։




Լրահոս