«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության հանձնումների եւ դատական հանձնարարությունների բաժնի պետ Անուշ Ռշտունու դեմ քրեական գործ է հարուցվել դատարանի որոշման կատարմանը խոչընդոտելու համար՝ Քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի հատկանիշներով։
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե ինչպես է վերջինս Երեւան քաղաքի վարչական շրջաններից մեկում տեղի ունեցած Խնամակալության եւ հոգաբարձության խորհրդի նիստից հետո պաշտոնյային ոչ վայել վարքագիծ դրսեւորել՝ վիրավորանքներ եւ սպառնալիքներ հնչեցնելով հակառակ կողմի հասցեին։ Մասնավորապես, փաստաբան Տիգրան Ստեփանյանը, ահազանգելով մեր խմբագրություն, հայտնել էր, որ Անուշ Ռշտունին իր վստահորդին սպառնացել էր «առյուծների փայ դարձնել»։ Գրել էինք նաեւ, որ Անուշ Ռշտունին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի սանիկն է. վերջինս ունի առյուծներ, եւ, հավանաբար, հենց նրա առյուծներով էլ Ա․ Ռշտունին սպառնում է քաղաքացուն։
Մեզ հաջողվեց ճշտել, որ այս դեպքից հետո սույն պաշտոնյան ոչ միայն չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության, այլեւ շարունակել է դրսեւորել հակաօրինական վարքագիծ, ինչը հենց հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու պատճառ է դարձել։ Փաստացի ստացվում է, որ ԱՆ որոշ պաշտոնյաներ, որոնք կոչված են հետեւելու արդարադատությանը, իրենք են խոչընդոտում դատարանի որոշումների կատարմանը՝ հավանաբար վայելելով ԱՆ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչությունը։ Ի դեպ, ԴԱՀԿ ծառայությունը եւս ստեղծված իրավիճակի մեջ մեղքի իր բաժինն ունի. առնվազն աչք է փակում կոլեգա պաշտոնյայի հակաօրինական գործողությունների վրա։
Այս իրավիճակում հարց է առաջանում՝ ինչո՞ւ իրավապահները նույն ջանասիրությունը չեն ցուցաբերում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեպքում, երբ նա Ազգային ժողովում սպառնաց ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի լեզուն ու ականջները կտրել եւ մինչ օրս անպատիժ է: Ի դեպ, նա նույն Արթուր Հովհաննիսյանն է, որը 2017թ.-ին բերման էր ենթարկվել թմրանյութերի գործով»:
Դեպքին արձագանքել է նաև Անուշ Ռշտունին՝ հայտնելով․
«18.01.2024թ-ին «Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային կայքում լույս է տեսել հոդված՝ «Արդարադատության նախարարության պաշտոնյայի դեմ քրեական գործ է հարուցվել» վերնագրով, որն իր մեջ պարունակում է Անուշ Ռշտունուն զրպարտող, վերջինիս պատիվը և արժանապատվությունը արատավորող տվյալներ, ուստի և պահանջում ենք հրապարակել Անուշ Ռշտունու հերքումը՝ հետևյալ բովանդակությամբ: Նախ ըստ հրապարակված նյութի. «Երեւան քաղաքի վարչական շրջաններից մեկում տեղի ունեցած Խնամակալության եւ հոգաբարձության խորհրդի նիստից հետո պաշտոնյային ոչ վայել վարքագիծ դրսեւորել՝ վիրավորանքներ եւ սպառնալիքներ հնչեցնելով հակառակ կողմի հասցեին։ Մասնավորապես, փաստաբան Տիգրան Ստեփանյանը, ահազանգելով մեր խմբագրություն, հայտնել էր, որ Անուշ Ռշտունին իր վստահորդին սպառնացել էր «առյուծների փայ դարձնել»։
Վերոգրյալը լկտի սուտ է և իրականությանը չի համապատասխանում: Խորհուրդ կտայինք անձին զրպարտող տեղեկատվություն հրապարակելուց առաջ նախ հանրամատչելի աղբյուրներով ստուգել կողմի հայտնած տեղեկատվության իսկությունը: Մասնավորապես կարելի էր պարզել, թե որ խնամակալության և հոգաբարձության նիստից հետո է տեղի ունեցել միջադեպը և կոնկրետ աշխատակիցներից պարզել, թե փաստաբանի կողմից ներկայացված միջադեպը իրականություն է, թե սուտ: Այլապես տպավորություն է ստեղծվում, որ հրապարակումը իրականությանը չի համապատսխանում: Իրականում խնամակալության եւ հոգաբարձության խորհրդի նիստից հետո փաստաբանին և առհասարակ տղամարդուն ոչ հարիր պահվածք դրսևորեց Վահագն Արկադիայի Ջիվանյանը, որին այս պահին չենք ցանկանում անդրադառնալ: Մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն կհատնենք իրավապահ մարմիններին: Ինչ վերաբերվում է Անուշ Ռշտունու դեմ քրեական գործ հարուցված լինելուն, ապա անձամբ ենք խոսել Հարկադիր Կատարումն ապահովող ծառայության աշխատակցի հետ և պարզել, որ Անուշ Ռշտունու կողմից դատարանի որոշման կատարմանը խոչընդոտելու որևէ դեպք չի արձանագրվել, հետևաբար եթե անգամ Անուշ Ռշտունու դեմ փաստաբան Վահագն Ջիվանյանի ակտիվ միջամտության արդյունքում քրեական վարույթ է հարուցվել, ապա մենք հետամուտք ենք լինելու, որպեսզի վերջինս սուտ մատնություն կատարելու համար ենթարկվի քրեական պատասխանատվության…»։