Պակիստանը հարվածներ է հասցրել Իրանում «հակապակիստանական խմբավորումների» ուղղությամբ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Սիստան և Բելուջիստան նահանգի իշխանությունները հայտնել են, որ պայթյունների ձայներ են լսվել Իրանի հարավ-արևելքում՝ Պակիստանի հետ սահմանին գտնվող Սերավան շրջանի մի քանի շրջաններում։
Հունվարի 16-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բալիստիկ հրթիռով և անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել Բելուջիստան նահանգում գտնվող «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման հենակետին։ Սա Իրանի առաջին հրթիռային հարձակումն է Պակիստանի տարածքի վրա։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ իրանցի զինվորականները թիրախավորում են «իրանական ահաբեկիչներին Պակիստանի տարածքում»: Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իրանի հարվածները երկրի տարածքին։ Միջադեպից հետո պակիստանյան կողմն Իրանից հետ է կանչել իր դեսպանին։