ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս խաղաղապահների աչքի առաջ ադրբեջանցիներն արցախցի տրակտորիստի են կյանքից զրկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախը հայաթափելուց հետո շարունակվում են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը միմյանց վրա բարդելու փորձերը: Ռուսաստանի Դաշնությունից պարբերաբար հնչում են մեղմ ասած անընդունելի մեղադրանքներ, իսկ վերջին անգամ ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը զարմանալիորեն հայտարարեց, որ Արցախը էթնիկ զտման չի ենթարկվել: Տարօրինակն այն է, որ իրադարձությունների մասին ամենատեղեկացվածը Արցախի իշխանություններն են ու ժողովուրդը, ովքեր լուռ են, թեև հանդիսանում են միակ տուժող կողմը և պիտի լինեն առաջնային պահանջատերը:

2020թ. 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ ArmLur.am-ը զրուցել է տեղահանված արցախցիների հետ, ովքեր տեղեկություններ են ներկայացրել պատերազմի մասին: Ըստ այդմ, երբ 2020թ. նոյեմբերի 9-ին հայտարարվել է, որ Արցախում ավարտվել են լայնածավալ ռազմական գործողությունները, պատերազմը չի ավարտվել և այն շարունակվել է մինչև 2023թ. սեպտեմբերի 19-ը: Ըստ արցախցիների՝ գրեթե ամեն օր Ադրբեջանի զինված ուժերը Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացրել են ահաբեկչական գործողություններ՝ մարդկանց սպանություններ, վիրավորումներ, առևանգում, մանր և խոշոր եղջերավոր անասունների գողություններ, տրանսպորտային միջոցների, բնակարանների վնասում, ոչնչացում և այլն:

Հատկանշական է, որ այդ ամենը հաճախ տեղի է ունեցել Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների անմիջական ներկայությամբ, սակայն նրանց արձագանքը սահմանափակվում էր առավելագույնը օրվա ամփոփագրում մեկ-երկու բառով դեպքի մասին հիշատակմամբ: Արցախցիները բացատրում են, որ ռուսական խաղաղապահների անգործությունը չէր բարձրաձայնվում և հրապարակայնորեն չէր քննադատվում, քանի որ Արցախում ուրիշ խաղաղապահ չկար և նրանց հեռանալը կամ դրա վտանգը կարող էր ավելի ծանր ազդեցություն ունենալ իրավիճակի վրա։ Բոլորը ուշի ուշով հետևում էին, թե երբ կավարտվի Ուկրաինայում պատերազմը, որպեսզի Ռուսաստանը ի վիճակի լինի ուշադրություն դարձնել նաև Արցախին: Թե ինչ եղավ հետո, հայտնի է բոլորին:

Արցախցի մեր զրուցակիները ArmLur.am-ին փոխանցեցին մի տեսանյութ, որում տեսագրված է 2021թ. հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում տրակտորիստ Արամ Տեփնանցի սպանության դեպքը, այն տեսագրվել է դեպքի վայրում գտնվող ռուս խաղաղապահների կողմից և պարզ երևում է, որ այն տեղի է ունեցել խաղաղապահների ներկայությամբ, նրանց աչքի առաջ: Թե որքան այսպիսի փաստեր կան արցախցիների մոտ, դժվար չէ կռահել, բայց որ պատմությունը և իրադարձությունների ընթացքը անընդհատ փորձ է արվում վերաձևակերպվել ու ներկայացնել այս կամ այն կողմի համար բարենպաստ քողի ներքո, փաստ է: Թե մենք որքան ենք պատրաստ դիմակայել մերօրյա պատմությունը կեղծելու փորձերին, ցույց կտա ժամանակը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Սոնա Գրիգորյան




Լրահոս