ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ն Կառավարության շենքի հարևանությամբ երկհարկանի շենք է վարձակալել. ո՞րն է նպատակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Կառավարության շենքի հարևանությամբ՝ Հանրապետության 49 հասցեում երկհարկանի շենք է վարձակալել, որը դառնալու է իշխող ուժի կենտրոնական նոր գրասենյակը:

ՔՊ նոր գրասենյակը գտնվում է ՀՅԴ գրասենյակի հարևանությամբ, իսկ շենքի հետնամասում «Հանրապետական» կուսակցության կենտրոնական գրասենյակն է: Այսինքն՝ ՔՊ-ն շուտով դրկից կդառնա իր վաղեմի հակառակորդներին՝ ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին:
Վարձակալված տարածքում նախկինում Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակն է եղել։

ArmLur.am-ն այսօր եղավ ՔՊ նոր գրասենյակի տարածքում, որը դեռ վերանորոգման փուլում էր: Ներսում մեր այցի պահին մարդ չկար, դուռը փակ էր:
Նոր գրասենյակում Նիկոլ Փաշինյանն առանձին իր աշխատասենյակն է ունենալու՝ ընդունելությունների համար:

Ավելի վաղ ՔՊ-ից մեզ հայտնել են, որ կուսակցության նոր գրասենյակն արդեն մարտին պատրաստ կլինի:
Իշխող ուժը Կենտրոնական գրասենյակում է անում իր նիստերը՝ Վարչության կազմով, ինչպես նաև նախաձեռնող խմբի հետ հանդիպումները:
Նշենք, որ կուսակցության գլխավոր գրասենյակն այժմ գտնվում է Սայաթ-Նովա պողոտայի վերջնամասում։

Իսկ ինչու՞ է ՔՊ-ն որոշել տեղափոխվել կառավարության շենքին մոտ: Հավանաբար, Նիկոլ Փաշինյանը որոշել է իր հարմարավետությունն ապահովելու համար ոչինչ չխնայել ու սրա համար էլ հենց կառավարության շենքի հարևանությամբ է ՔՊ նոր գրասենյակը կառուցվում, որպեսզի գործադիրի ղեկավարը կառավարության շենքից միանգամից մտնի կուսակցության գրասենյակ՝ առանց դժվարության:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս