ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակոցների գործով անցնող Հարություն Հարությունյանը, որը առավել հայտնի է «Ուջանցի Հարութ» անունով, չի ընդունում մեղադրանքը, նա իրավապահներին վստահեցնում է, որ այդ կրակոցների հետ կապ չունի:
ArmLur․am-ին հասած տեղեկություների համաձայն՝ ուշագրավ իրադարձություններ են կատարվում այս քրեական գործով: Բանն այն է, որ դատարանի որոշմամբ՝ հունվարի 17-ին կալանքի պետք է տանեին Հարություն Հարությունյանին: Արդյունքում իրավապահները Հարություն Հարությունյանին «Նուբարաշեն» ՔԿՀ են տանում այն ժամանակ, երբ կալանքի ժամկետը անցած է լինում, եւ քրեկատարողական հիմնարկը կալանքի ժամկետը անցնելու հիմքով հրաժարվում է Հարությունյանին ընդունել բանտում:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահներն Ասիլյանի տան վրա կրակոցների գործով անցնող Հարություն Հարությունյանին տանում են Ոստիկանության Նաիրիի բաժին: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Հարություն Հարությունյանի հարազատները պնդում են, որ նրան ապօրինի կերպով են պահում անազատության մեջ: Վերջինիս հարազատները պնդում են, որ Հաությունյանին ազատ արձակեն, եւ իրենք չեն խուսափի կրկին ներկայանալ իրավապահներին, սակայն կալանքի ժամկետն անցել է եւ Հարություն Հարությունյանին ապօրիի կերպով պահում են անազատության մեջ մինչեւ նոր կալանքի որոշում կբերեն:
Ի դեպ, հունվարի 16-ին դատավոր Գոռ Շահբազյանը Հարություն Հարությունյանի ձերբակալումը ոչ իրավաչափ է ճանաչում եւ նրան ազատ են արձակում դատական նիստերի դահլիճից: Ըստ հարազատների՝ «այդ որոշումը եղել է 23:00-ին ու կասկածելն այն է, որ 18 րոպե հետո, ոստիկանները ճանապարհին շրջափակում են մեքենան եւ Հարություն Հարությունյանին մեքենայից «առեւանգում», տանում են նույն ոստիկանության Նաիրիի բաժին:
Այս պատմության մեջ տարօրինակն այն է, որ դատարանի որոշումից 18 րոպե հետո քննիչը նոր որոշում է կայացնում:
Հիշեցնենք, որ Թաթուլ Ասիլյանի վրա կրակել էին հունվարի 14-ին և գործով ձերբակալվել էր Հարություն Հարությունյանը։
Քնար Մանուկյան