2023թ-ի մարտին 3-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և քաղաքացի Արթուր Հակոբյանի միջև, որը կարտոֆիլ էր վաճառում, Արաբկիր վարչական շրջանի Տիգրանյան փողոցում միջադեպ էր տեղի ունեցել։ Պատգամավորն աշխատանքի գնալու ճանապարհին ոտքով հարվածել էր առեւտրականի կարտոֆիլի պարկերին ու երկու պարկ թափել փողոցում, ինչից հետո նրանց միջև քաշքշուկ էր սկսվել: Միջադեպի պատճառը «կարտոֆիլների փողոց» անունով հայտնի փողոցում կարտոֆիլ վաճառելն է եղել, ինչը դուր չէր եկել Աղազարյանին:
Աղմկահարույց այս միջադեպից հետո իշխանական պատգամավորը և քաղաքացի Արթուր Հակոբյանը կանչվել էին ոստիկանություն՝ բացատրություն տալու համար։Միջադեպի մասով Հովիկ Աղազարյանն տուժող էր ճանաչվել, իսկ Արթուրը ձերբակալվել էր։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով։
ArmLur.am-ը կրկին եղել է Տիգրանյան փողոցի այն հատվածում, որտեղ քաղաքացիները տարիներ շարունակ կարտոֆիլ են վաճառել: Տեղում արձանագրեցինք, որ իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի սարքած սկանդալից հետո՝ կարտոֆիլի բոլոր տաղավարները հանվել են ու քաղաքացիներին արգելվել է տվյալ հատվածում այլևս կարտոֆիլ վաճառել, որպեսզի հանկարծ իշխանական պատգամավորը նորից «չվրդովվի»։
Հիշեցնենք, որ դեռևս 2023թ-ի մարտին Հայաստանի Ազգային ժողովը սահմանափակել էր Երևանում փողոցային առևտուրը:
Չնայած օրենսդրական փոփոխությանը՝ Երևանի մի շարք փողոցներում, այդ թվում՝ Կենտրոնում, քաղաքացիներն այսօր էլ շարունակում են փողոցային առևտրով զբաղվել ու սնունդ վաճառել՝ շատ դեպքերում սանիտարական նորմերի կոպիտ խախտմամբ:
Պատճառն էլ այն է, որ խորհրդարանը միայն մեկը մյուսի հետևից օրենք է ընդունում, բայց հետևողական չի լինում դրա պահպանմանը:
ArmLur.am-ն արձանագրել է, որ կենտրոնական մի շարք փողոցներում էլ դեռ քաղաքացիները վաճառքի կետեր են տեղադրել ու սնունդ, տարբեր ապրանքներ են վաճառում:
Հետաքրքրիր է՝ Հովիկ Աղազարյանը կհամարձակվի՞ շրջել նաև Երևանի կենտրոնով և կենտրոնական փողոցներում տեղադրված վաճառքի կետերն էլ ոտքով շուռ տալ, որպեսզի դրանք նույնպես արգելվեն, թե՞ դրանք իր տան ճանապարհին չեն ու նեղություն չեն տալիս:
Հայկ Ավանեսյան, Հովսեփ Հովսեփյան