«Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդն այսօր հայտարարություն էր տարածել, որ դադարեցվել են Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանի լիազորությունները, և վերջինիս որոշումները կասեցվել են:
ArmLur.am-ի հետ զրույցում վերջինս ասաց, որ տեղյակ չէ որոշման մասին:
-Պարո՛ն Ավագյան, ինչու՞ է կուսակցության խորհուրդը ձեր լիազորությունները դադարեցել, ո՞րն է պատճառը:
-Ես տեղյակ չեմ դրա մասին, մամուլից եմ իմացել: Չգիտեմ՝ այդ որոշումներն ո՞վ է ընդունում, օրենքի ուժ ունի՞, թե՞ ոչ, ի՞նչ է նշանակում այդ գրածը: Այն ինչ տեսել եք, հրապարակային է եղել, բոլորը տեսել են հայտարարությունը ու ինձ մոտ էլ է դա հարցեր առաջացրել, կճշտեմ հետագայում, դեռ ոչ մի գործողություն չեմ արել:
-Իսկ չե՞ք փորձել կապվել կուսակցության խորհրդի հետ՝ պարզաբանում ստանալու:
-Ոչ, չեմ փորձել ոչ մեկի հետ կապվել, չեմ էլ փորձելու: Ես չգիտեմ էլ՝ կուսակցության խորհուրդն ի՞նչ նիստ է արել, ովքե՞ր են որոշումներ կայացրել:
Ես հրապարակային ֆրակցիայի անունից հայտարարություն էի տարածել, որ մեր կողմից ընդունելի չէ, և մենք չենք մասնակցել ոչ մի նիստի:
-Դուք կուսակցության փոխնախագահն եք, նիստ են արել ու ձեզ չե՞ն տեղեկացրել այդ մասին:
-Չգիտեմ, ես չեմ ուզում մեկնաբանել ներքին հարցերը, չեմ ուզում դրա մասին խոսել: Այն ինչ տեսել եք, հրապարակային է եղել, բոլորը տեսել են ու ինձ մոտ էլ է հարցեր առաջացրել՝ կճշտեմ հետագայում, ոչ մի գործողություն չեմ արել, միայն մի բան կասեմ՝ շարունակում եմ դեռ Արտակ Գալստյանի կողմից «մերսիներ» ստանալ:
Քրիստինա Մուշեղյան