Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերը համընկնում են, երկու երկրների հարաբերությունները շարունակում են կրել դաշնակցային բնույթ:
Այս մասին «Ռիա նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ես ելնում եմ այն փաստից, և ոչ միայն ես, այլ դա, բնականաբար, Ռուսաստանի Դաշնության ղեկավարության դիրքորոշումն է, որ մեր հարաբերությունները շարունակում են դաշնակցային բնույթ ունենալ: Գիտեք, շատ բաներ կան, որ պատմականորեն կապում են մեզ: Ավելորդ է ասել, որ դա կապում է մեր ժողովուրդներին պատմության բազմաթիվ դարերի ընթացքում»,- ասել է Կոպիրկինը:
Նրա խոսքով, բացի սրանից, երկրներն այսօր ունեն փոխհարաբերությունների շատ լայն գործնական օրակարգ, որը վերաբերում է պետությունների և մարդկանց կյանքի առանցքային ասպեկտներին։
«Համոզված եմ, որ սա ամուր հիմք, անվտանգության սահման է տալիս մեր հարաբերություններին, համոզված եմ նաև, որ հիմնական պարամետրերի առումով մեր ռազմավարական շահերը նույնպես օբյեկտիվորեն մերձենում են։ Ուստի, կարծում եմ, միանգամայն ճիշտ է, որ ռուսական կողմը հստակ նշում է, որ մեր հարաբերությունները, չնայած բոլոր խնդիրներին, որոշ թյուրիմացություններին, արտաքին խաղացողների փորձերին՝ ճեղքեր ստեղծել մեր հարաբերությունների միջև իրենց պատեհապաշտական, աշխարհաքաղաքական շահերի առումով, պետք է պահպանեն դաշնակցային, ռազմավարական բնույթ»,- ասել է Կոպիրկինը։