Արցախի հայկական գերեզմանոցներում ադրբեջանցիները շարունակում են բարբարոսություններ իրականացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի հայկական գերեզմանոցներում ադրբեջանցիները շարունակում են բարբարոսություններ իրականացնել։ Վանդալիզմի է ենթարկվել Հադրութի շրջանի Հակակու գյուղի եղբայրական գերեզմանոցը։ «Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-Ի նախկին տնօրեն Արմինե Հայրապետյանը հայտնում է, որ ուսումնասիրությունների համաձայն, Հակակու գյուղի գերեզմանոցը ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել այս տարվա հունվարի 7-ին։

«Ադրբեջանցիները հայհոյախառն խոսույթով ջարդում են եղբայրական գերեզմանոցի տապանաքարերի նկարները։ Սա առաջին դեպքը չէ, ցավով պետք է ասեմ նաև, որ վերջինը չէ, որովհետև Ադրբեջանը միշտ էլ որևէ հայկական տարածք զավթելուց հետո ջանքեր է ներդրել այդ տարածքում հայկական հետքը իսպառ վերացնելու ուղղությամբ։ Այդ կերպ են նրանք վարվել Նախիջևանում, որտեղ այսօր չես կարող գտնել որևէ հայկական գերեզմանոց։ Նույնը այսօր նրանք իրականացնում են Արցախում։ Էթնիկ զտումներից հետո, հիմա նրանց գլխավոր խնդիրը այդ տարածքը՝ համաձայն իրենց կողմից ստեղծված, սարքված պատմության, Արցախը որպես ադրբեջանական հող ներկայացնելն է։ Նրանք փորձում են այդ տարածքները ադրբեջանականացնել և խանգարող հանգամանքը դա մեր պատմամշակութային ժառանգությունն է և մեր գերեզմանոցները։ Այս ամենը արվում է հայատյացության ֆոնի վրա, որը բարձրագույն մակարդակով խրախուսվում է Ադրբեջան կոչվող պետությունում»։

Արմինե Հայրապետյանի կարծիքով՝ դա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային կառույցները և ՀՀ-ն հստակ և զսպող միջոցների չեն դիմում։
«Ես չեմ կարող ասել, կոնկրետ որ միջոցները կզսպեն Ադրբեջանին, որովհետև մենք տեսել ենք, որ տարբեր որոշումներ նա շրջանցել է՝ այդ թվում Հաագայի դատարանի որոշումը։ Հույս ունեմ, որ միջազգային իրավունքի մասնագետները, կկարողնան մշակել պայքարի ինչ-որ ձև։ Հակառակ դեպքում դա անվերջ շարունակվելու է»։

Հայկ Ավանեսյան




Լրահոս