Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված քրեական գործով սկսվում է գործով վկաների հարցաքննությունների փուլը:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երկուշաբթի օրը` ժամը 10-ին, Հակակոռուպցիոն դատարան է հրավիրվել ԲԴԽ նախկին անդամ Գրիգոր Բեքմեզյանը: Վերջինս հարցաքննվելու է ԲԴԽ նախկին նախագահի դեմ հարուցված քրեական գործով:
Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Վերջինս, ըստ մեղադրանքի, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը: Վարդազարյանի վերաբերյալ հաղորդումը ենթադրյալ դեպքից շուրջ 2 տարի անց ներկայացրել է Անդրանիկ Սիմոնյանը, որը հետո նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ:
Ըստ Սիմոնյանի հաղորդման՝ Վարդազարյանը «ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով է իրեն դիմել: Վահագն Աբգարյանը մեղադրվում է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաև՝ սպանության գործով իր օգտին գործողություններ կատարելու համար կաշառք տալու համար: Գործում առկա է նաև ձայնագրություն. վերջինս, ըստ մեղադրանքի, Signal հավելվածի միջոցով կապ է հաստատել Անդրանիկ Սիմոնյանի հետ և համոզելու, խնդրանքի եղանակով վերջինից պահանջել փոխել Աբգարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը։
Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան