Խաղաղության պայմանագիրը պետք է ապահովի հստակ հիմքեր սահմանազատման հետագա գործընթացի համար. Արարատ Միրզոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը համատեղ մամուլի ասուլիս է ունեցել Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ։

«Այսօրվա մեր քննարկումների ընթացքում անդրադարձանք երկկողմ օրակարգի մի շարք հարցերի և տարբեր, այդ թվում՝ տնտեսության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին: Քաղաքական երկխոսության զարգացմանը զուգահեռ տնտեսական ոլորտում առկա է չօգտագործված հսկայական ներուժ։ Նախորդ տարվա փետրվարին նախարար Ռադմանի այցի ժամանակ Երևանում կայացած գործարար համաժողովը ստացավ առանձնահատուկ կարևորություն, և մենք շահագրգռված ենք առևտրատնտեսական համագործակցության առաջմղմամբ ու ընդլայնմամբ՝ միտված շոշափելի արդյունքներ արձանագրելուն»,- ասել է Միրզոյանը։

Նրա խոսքով. «Այսօր մենք քննարկեցինք նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ ընթացիկ գործընթացներն ու իրականացվող քայլերը: Այս հարաբերությունների հետագա խորացման մեր քաղաքացիների ձգտումը հիմնված է այն ընդհանուր արժեքների վրա, որոնց մեր քաղաքացիները հարում են Հայաստանում, Խորվաթիայում և Եվրոպական միությունումխթանվող, հատկապես ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և այլ հիմնարար սկզբունքների տիրույթում: Միևնույն ժամանակ, ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման մեր հանձնառությունը բխում է մեր քաղաքացիների համար ավելի լավ և անվտանգ միջավայրի տեսլականից: Այսպիսով, իմ խորվաթ գործընկերոջ հետ մենք դիտարկել ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների ողջ շրջանակը, որն ընդգրկում է մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը, մարդկանց միջև շփումները, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև անվտանգության հարցերը: Այս համատեքստում կցանկանայի ընդգծել, որ Հայաստան-ԵՄ գործընկերությունն ընդլայնվում է նոր ուղղություններով, այն է՝ ԵՄ մշտադիտարկման առաքելությունը ՀՀ-ում և անվտանգային հարցերով երկխոսությունը:

Այսօր հնարավորություն ունեցանք նաև անդրադառնալ նաև բազմակողմ հարթակներում համագործակցության հարցերին, այն միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, որտեղ Հայաստանն ու Խորվաթիան արդեն իսկ ունեն կամ դեռ կշահեն առավել սերտ համագործակցությունից:

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր մենք մտքեր փոխանակեցինք միջազգային և տարածաշրջանային անվտանգության թեմաների շուրջ։ Ես իմ գործընկերոջը մանրամասն տեղեկացրել եմ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Ինչպես նշվեց, ավելի վաղ հնարավորություն ունեցել ենք քննարկելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման՝ Հայաստանի տեսլականը, մարտահրավերների հաղթահարմանն ու տարածաշրջանային կապերի զարգացմանն ուղղված ջանքերը: Ցավոք, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունն ու հայտարարությունները շարունակում են մարտահրավեր նետել միջազգային իրավունքի վրա հիմնված կարգին, Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և, հետևաբար, տարածաշրջանում տևական խաղաղության հեռանկարներին:

Կարծում եմ, որ Հարավային Կովկասում կայունությամբ հետաքրքրված մեր գործընկերները կիսում են այն նույն մոտեցումը, որ խաղաղությունը պահանջում է անսասան հանձնառություն և իրական շահագրգռվածություն երկարաժամկետ լուծումների հարցում: Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է՝ հիմնված հայտնի սկզբունքների և պայմանավորվածությունների վրա։ Երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն՝ առանց որևէ երկիմաստության։ Խաղաղության պայմանագիրը պետք է ապահովի հստակ հիմքեր սահմանազատման հետագա գործընթացի համար, որը, մեր համոզմամբ, պետք է իրականացվի համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի և հիմնված լինի Խորհրդային Միության ամենաթարմ ու օրինական քարտեզների վրա:

Մենք նաև վստահ ենք, որ կապուղիները, որոնք կարող են ապաշրջափակվել տարածաշրջանում, հաղորդակցությունները՝ տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքները կարող են նաև նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության առաջխաղացմանը, և մենք կարծում ենք, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք ապաշրջափակվելու են, պետք է ապաշրջափակվեն համապատասխան այդ երկրների ինքնիշխանությանը, իրավազորությանը և հավասարության ու փոխադարձության սկզբունքների համաձայն։

Ավելին, խաղաղության և փոխկապակցվածության այս գաղափարն առաջ մղելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որը, ինչպես ասացի, ուղղված է տարածաշրջանում փոխկապակցվածությունն ավելացնելուն և ենթակառուցվածքների ապաշրջափակմանը»։




Լրահոս