ՔՐԵԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍԸ ՉԻ ՍՊԱՌՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի շրջափակումից հետո, երբ մարդկանց տարհանում էին Արցախից Հայաստան, բազում մարդկանց հենց անցակետից ձերբակալեցին։ Ձերբակալվածների թվում էին մի շարք պաշտոնյաներ։ Նրանք են՝ Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Դավիթ Իշխանյան, Ռուբեն Վարդանյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Բաբայան, Լեւոն Մնացականյան։

 

ArmLur.am-ը կապ հաստատեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ՝ տեղեկանալու համար նրանց վիճակի մասին։

-Տիկի՛ն Սահակյան, քանի՞ պաշտոնյա կա Ադրբեջանի Հանրապետությունում։

-Թիվը՝ 8։ Նրանք են Արցախի 3 նախագահները՝ Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյան, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան, նախկին պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյան, նախկին արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայան եւ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյան։

-Հայտնի՞ է, թե ինչպես են վերաբերվում նրանց այնտեղ։

-Տեղեկություններն ամբողջ ծավալով հրապարակայնացման ենթակա չեն, որոշակի տեղեկություն հայտնի են ընտանիքի անդամներին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տրամադրած տեղեկությունների հիման վրա, որը նախապես համաձայնեցվում է Ադրբեջանի իշխանությունների հետ, իսկ ինչ վերաբերում է նրանց օբյեկտիվ վիճակին, ապա այստեղ կնշեմ, որ միջազգային անկախ խմբերի հատուկ մանդատ ունեցող կազմակերպությունների հասանելիությունը սահմանափակված է, ինչը համատեղելի չէ մարդու իրավունքների միջազգային ստանդարտների հետ, այլ կերպ ասած՝ նրանք պահվում են մեկուսացման բարձր աստիճանում, ինչը չի կարող կանխել նրանց նկատմամբ խոշտանգումները կամ վատ վերաբերմունքը։

-Ամանորի օրերին Արցախի գերեվարված պաշտոնյաները կապ հաստատե՞լ են իրենց ընտանիքի անդամների հետ։

-Ես գիտեմ, որ որոշակի պարբերականությամբ այդ կապը ապահովված է, բայց կոնկրետ օրերի առնչությամբ, կարծում եմ, մեկնաբանություն կարող են հստակ տալ միայն ընտանիքի անդամները. դրանք շատ կարճ տեւողությամբ հեռախոսազանգեր են, կամ տեսաձայնագրությունները փոխանցվում են Կարմիր խաչի կոմիտեի միջոցով։

-Ի՞նչ է անում ՀՀ կառավարությունն Արցախի պաշտոնյաների վերադարձի համար։

-Նրանց մասով միջպետական գանգատ է ներկայացված Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ունի 4 գանգատ, որի առարկան պարբերաբար փոփոխվել եւ ընդլայնվել է։ Այս գանգատների առարկայի մեջ ներառված է նաեւ նախկին պաշտոնյաների ձերբակալման, կալանավորման եւ քաղաքական հետապնդման հարցը։

-Այսինքն՝ դեռ պաշտոնյաների վերադարձի մասին վա՞ղ է խոսել։

-Այո՛, կարծում եմ՝ դեռ վաղաժամ է. որպես կանոն, Ադրբեջանն ազատ արձակելուց առաջ նրանց ապօրինի հետապնդումների է ենթարկում։

Ադրբեջանը հակումներ չունի իրենց ազատ արձակելու, քանի դեռ ողջ քրեական ռեսուրսը չի սպառվել ներքին լսարանում։

Զրուցեց ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

 

ԽՆԴՐԻ ՃՇԳՐԻՏ ՀԱՍՑԵԱԳՐՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ տարածքների ճշգրտման, սահմանների, ինչպես նաեւ անկլավների եւ էքսկլավների հարցերի առնչությամբ հստակ շեշտադրում է փոխադարձ համաձայնեցված քարտեզների հիման վրա գործնական քայլերի անհրաժեշտությունը։ ԶԼՄ-ների հաղորդմամբ` Փաշինյանն այդ մասին խոսել է հունվարի 13-ին Գեղարքունիքի մարզում` Գավառում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին։

 

«Ադրբեջանը բարձրացնում է չորս գյուղերի հարցեր, իսկ Հայաստանի Հանրապետությունը` 32 գյուղերի հարցեր, որոնց կենսական նշանակություն ունեցող տարածքներն օկուպացված են, այդ թվում` Գեղարքունիքի մարզում։ Քանի որ մենք հավատարիմ ենք Ալմաթիի հռչակագրի հիման վրա փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուն, մենք ասում ենք` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ օկուպացված տարածքներ պետք է չլինեն։ Հետեւաբար, այնտեղ, որտեղ պարզվի՝ Հայաստանն է որոշ տարածքներ հսկողության տակ պահում, որոնք «դե յուրե» պատկանում են Ադրբեջանին, Հայաստանը պետք է դուրս գա, իսկ այն տարածքները, որոնք «դե յուրե» պատկանում են Հայաստանին, եւ Ադրբեջանն է պահում տիրապետության տակ, Ադրբեջանը պետք է դուրս գա»,-նշեց Փաշինյանը։

Նրա դիտարկմամբ` սա քաղաքական պայմանավորվածությունն է, որն արձանագրվել է, բայց գործնականում հնարավոր չէ իրագործել, առանց փոխադարձ համաձայնեցված քարտեզի։ Տարածքների ճշգրտման մեկ ճանապարհ կա` քաղաքական առումով հիմք ընդունել 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի դրույթներն արտահայտող քարտեզները, գնալ տեղում նայել իրողությունը եւ իրողությունները համապատասխանեցնել քարտեզներին։

«Հակառակ մոտեցումը նշանակում է ստեղծել մի իրավիճակ, որն անընդհատ բերելու է էսկալացիաների, ինչը չի կարող խաղաղության հենք դառնալ»,-ընդգծեց Փաշինյանը։

Նա նկատեց` Արծվաշենն Ադրբեջանի օկուպացիայի ներքո է արդեն 30 տարի. քաղաքական պայմանավորվածությունը մեծ հաշվով ձեռք է բերվել, որ այդ հարցը պետք է հասցեագրվի որեւէ մոդելով։ Այստեղ եւս պետք է գործի նույն մոտեցումը, եւ տարածքի ու խնդրի ճշգրիտ հասցեագրման համար պետք է հիմք ընդունվեն փոխադարձ համաձայնեցված քարտեզները։

 

 

 

ԿՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԻ ԵՎ ԿԲԱՐԵԿԱՐԳՎԻ

Օղակաձեւ այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչեւ Նալբանդյան փողոց ընկած հատվածն ամբողջությամբ կվերակառուցվի եւ կբարեկարգվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երեւանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Նշված հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն, այդ թվում՝ «Տաշիր պիցցա», «Լաբիրինտ», «Նովելլա մյուզիք հոլ», «Մոնտանա մյուզիք հաուս», «Հուկահ լաունջ & Ռումս» եւ այլ շինություններ, կրպակներ: Այգում հանրապետական եւ տեղական նշանակության մի խումբ հուշարձանների ճանաչողական զբոսաշրջության կազմակերպման համար համալիր կվերականգնվի եւ կօգտագործվի այգում առկա պատմամշակութային ժառանգություն հանդիսացող առկա ռեսուրսը, դրանց շրջակայքը կբերվի պատշաճ տեսքի»,- գրել է նա:

 

 

 

ԳՈՐԾՈՒՂՈՒՄ՝ ԳԵՐՄԱՆԻԱ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին Գերմանիա գործուղելու մասին։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

  1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին 2024 թվականի հունվարի 17-20-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին)` Պարենի եւ գյուղատնտեսության միջազգային համաժողովին (GFFA) մասնակցելու եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով:
  2. Վահան Քերոբյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը, օրապահիկի եւ 2024 թվականի հունվարի 17-18-ի գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։
  3. Ընդունել ի գիտություն, որ Վահան Քերոբյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման 2024 թվականի հունվարի 18-20-ի գիշերավարձի ծախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:
  4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,- նշված է որոշման մեջ:




Լրահոս