«Վարչապետի հայտարարությունները հրապարակային են, եւ այդ հայտարարությունները միտված են մեր հռչակած խաղաղության օրակարգի հանգուցալուծմանը եւ հարցը առաջ տանելուն, եւ ես կարծում եմ՝ մեկնաբանությունների համար կոնկրետ իրավիճակային գնահատականներ պետք է տանք այստեղ»,- հունվարի 15-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ վարչապետը վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարել էր լրջագույն հարված խաղաղության գործընթացին:
«Այո, մենք պարբերաբար քննարկումներ ենք ունենում թե՛ խաղաղության օրակարգի, թե՛ խաղաղության օրակարգին ձգտելու ընթացքի մասին, եւ ամեն ինչ տեղի է ունենում հրապարակային, նաեւ վարչապետը եւ մեր բազմաթիվ թիմակիցներ տեղեկացնում են հանրությանը»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ Ալիեւը հայտարարել է, որ Ջերմուկը, Երեւանը ադրբեջանական քաղաքներ են, ՔՊ-ականն ասաց. «Ես տարիներ շարունակ հիշում եմ՝ մենք բոլորս ականատես ենք եղել այդ հռետորաբանությանը: Կարծում եմ՝ խաղաղության օրակարգը, որը հռչակվել է քաղաքական իշխանությունների կողմից, պետք է անշեղորեն եւ տրամաբանական քայլերով առաջ շարժվի: Այդ ճանապարհին մենք բազմաթիվ դժվարություններ կարող ենք ունենալ: Մեզ փորձելու են սադրել, հետ պահել խաղաղության օրակարգից, բայց քաղաքական առումով դա առաջնահերթություն է, եւ մենք անելու ենք ամեն ինչ, որ խաղաղության օրակարգը դառնա իրականություն:
Այլ բան է, որ սա միակողմանի անելը, իհարկե, անհնար է: Ես ուզում եմ հավաստիացնել եւս մեկ անգամ, որ ՀՀ-ն խաղաղության օրակարգից շեղվելու ոչ մի ցանկություն չունի: Բայցեւայնպես, մենք պարտավոր ենք ՀՀ պետական շահը վեր դասել ամեն ինչից, եւ ես ինքս կարծում եմ, որ մեր պետական շահը պահանջում է, որ մենք խաղաղության օրակարգով, հաշվի առնելով բոլոր դժվարությունները, մեզ համար զարմանալի, նաեւ անսպասելի հայտարարությունները, բայց մենք պետք է շարժվենք այս օրակարգով»,- ասաց Հակոբյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագիր կարող է կնքվել այն պայմաններում, երբ Ադրբեջանի զորքերը ՀՀ տարածքում են, Վաղարշակ Հակոբյանն ասաց. «Խաղաղության օրակարգը այն օրակարգն է, որը պահանջում է Հայաստանի պետական շահը, եւ մենք ոչ մի այլ քայլ, քան պետական շահին միտված, չենք անելու: Մեր ցանկությունը ՀՀ 29 800 քառակուսի կիլոմետր տարածքն անվտանգ դարձնելն է, եւ այս ճանապարհը բավականին բարդ է, կնճռոտ է, եւ միգուցե նաեւ կարող է ցավոտ լինել, բայց մենք պետք է այս քայլերը տրամաբանորեն հասցնենք իրենց հանգրվանին, որովհետեւ միայն այս հանգրվանում ՀՀ-ն կարող է ունենալ այն ապագան, որը մենք երազում ենք եւ կանխատեսում»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի՝ ՀՀ տարածքով առանց վերահսկողության ճանապարհ ունենալու նպատակին, Վաղարշակ Հակոբյանն ասաց. «Ես ասեմ մեր նպատակը. ՀՀ-ն ոչ մի դեպքում չի կարող զիջել իր սուվերենությունը: ՀՀ-ն արել եւ անում է ամեն ինչ, որ պահպանելով սուվերենությունը՝ ունենա բաց սահմաններ. մենք գնում ենք այս ուղղությամբ, եւ մեզ համար գերխնդիրը սա է»:
«ԴԱ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՐԱԼ Է» Ս. ՕՀԱՆՅԱՆ
«Այս տարիներին մեր ասածը հաստատվում է այն առումով, որ Ադրբեջանը եւ թուրք-ադրբեջանական տանդեմը, հաջողության հասնելով 2020-ի պատերազմից հետո, իրենց ճնշումները, պարտադրանքի լեզվով խոսելը Հայաստանի հետ շարունակում են եւ շարունակելու են»,-երեկ՝ հունվարի 15-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Խաղաղության օրակարգը կեղծ է, խաբկանք է Հայաստանի համար: Խաղաղության պայմանագիր չի կարող լինել, որովհետեւ պատերազմում պարտված իշխանությունները միշտ գտնվում են պարտադրանքի ու ճնշման ներքո: Այդ օրակարգը միակողմանի է, մեր կողմից դա խաղաղություն մուրալ է, իսկ հակառակորդի կողմից՝ խաղաղության պարտադրանք Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Դրա համար էլ Ալիեւի հռետորաբանությունը չի փոխվել. ինքը յուրաքանչյուր փուլում նոր պահանջ է ներկայացնում Հայաստանին:
Մենք հասկանում ենք, որ իրենք, ամբողջությամբ հայաթափելով Արցախը, ցեղասպանություն իրականացնելով Արցախի նկատմամբ, հիմա անցել են Հայաստանի նկատմամբ ճնշումները շարունակելուն: Մեր գործընկերները ծանոթացել են խաղաղության պայմանագրին: Դրա փակ մասին չեմ անդրադառնա, բայց կասեմ, որ այնտեղ որեւէ մի խոսք չկա այն պարտավորվածությունների մասին, որոնք պետք է իր վրա վերցնի Ադրբեջանը. նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից դուրս գալը, սահմագծում եւ սահմանազատում իրականացնելը»,-ասաց Օհանյանը:
Նա նկատեց, որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել մեր հայրենիքի մի մասում, եւ չի կարծում, որ նորմալ իշխանությունները պետք է այս իրավիճակում ձեռք մեկնեն եւ ասեն՝ գնում ենք խաղաղության:
Օհանյանի խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանը նորմալ կառույցներ ունենար, որոնք ժամանակին նորմալ գնահատեին ռազմաքաղաքական իրավիճակը, շուտվանից կտեսնեին, որ խաղաղության վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը խաբկանք է մեզ համար. «Ինքն ուշացումով է դա հասկանում։ Այսօր տեսնում ենք, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ ուշացումով են անում: Պատերազմական գործողությունները կանգնեցնելուց հետո բանավոր հրաման տվեցին եւ զորքերը հետ քաշեցին՝ չհասկանալով, որ յուրաքանչյուր թիզ հող հետագայում հիմք է հանդիսանալու դելիմիտացիա, դեմարկացիա իրականացնելու, բանակցություններում մեր շահերն առաջ տանելու համար: Երբ պատերազմը կանգնեց, իրենք չհասկացան, որ առաջնային խնդիրը սահմանների պաշտպանությունն է, պետք է բանակն արագ համալրել: Այսօր նույնը տեսնում ենք արտաքին քաղաքական ոլորտում, երբ կուլ են գնում թուրք-ադրբեջանական խաբկանքին»,-ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը:
ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԵՂԾ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը (COP29) այս տարի կայանալու է Ադրբեջանում։ Բաքվի ընտրությունն այս դերում բողոքի ալիք է բարձրացրել բնապահպանական եւ մասնագիտական շրջանակներում։
Մտահոգությունները կապված են նրա հետ, որ տարվա գլխավոր կլիմայական համաժողովը հյուրընկալող Ադրբեջանի ՀՆԱ 40, իսկ արտահանման 90-ից ավել տոկոսը բաժին է ընկնում նավթագազային արդյունաբերությանը։ Բացի այդ, Բաքուն հայտարարել է առաջիկա 10 տարիներին նավթի եւ գազի արդյունահանման ծավալնելն ավելացնել 33 տոկոսով։
Սակայն, Ադրբեջանի հյուրընկալման հետ կապված սկանդալը այսքանով չի սահմանափակվում։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ համաժողովի նախագահի պաշտոնում է ընտրվել Ադրբեջանի բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարար Մուխթար Բաբաեւը, որը մինչ քաղաքական կարիերա սկսելը 26 տարի աշխատել է Ադրեբեջանի պետական նավթային ընկերությունում՝ SOCAR-ում, նույնիսկ հասցրել լինել ընկերության փոխնախագահ։
Թեեւ ավտորիտար Ադրբեջանում բնությանն ամենամեծ վնասը հասցնող ընկերության նախկին փոխնախագահին բնապահպանության նախարար նշանակելը մեզ համար այդքան էլ զարմանալի չի թվում, սակայն նրա՝ COP29-ի նախագահի պաշտոնում ընտրությունը համաշխարհային պարբերականների էջերին է։
Associated Press-ը հիշեցրել է, որ COP29-ի նախագահը պատաստախատու է 200 երկրների ներկայացուցիչների շրջանում բանակցությունների կազմակերպման եւ գլոբալ տաքացումը կանխարգելող որոշումների ընդունումը կազմակերպելու համար։ Պարզ չէ, թե ինչպես է նավթագազային արդյունաբերության հետ սերտ կապեր ունեցող Բաբաեւը կատարելու իր պարտականությունները։
The Guardian-ն նշում է, որ նավթագազային արդյունաբերության վրա հենված Ադրբեջանի բնապահպանության նախարարը հայտնի է հայերի կողմից Լեռնային Ղարաբաղի «բնությունը ոչնչացնելու» մասին հայտարարություններով։
Իսկ BBC-ի աղբյուրները հայտնել են, որ COP29-ը համեմատաբար ցածր մակարդակի միջոցառում է լինելու՝ առավելապես ուղղված ֆինանսավորման նոր, երկարաժամկետ նպատակի համաձայնեցմանը։ Պարբերականի զրուցակիցներից մեկը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցներին կոչ էր արել միջամտել եւ բլիմային վերաբերող բանակցություննեիրից դուրս հանել խոշոր աղտոտող երկրներին։
Նշենք, որ սեփական եւ հարեւան երկրների էկոհամակարգին անխնա վնաս հասցնող Ադրբեջանը, որտեղ մշտական բողոքի ակցիաներ են երկրի արդյունաբերական գործունեության դեմ, իսկ ոսկու հանքի պոչամբարի կառուցման դեմ բողոքելու համար մի ամբողջ գյուղ էր շրջափակվել, երկրում բողոքի ալիքի աճին զուգահեռ ավելի անհիմն ու հնչեղ մեղադրանքներով տարիներ շարունակ թիրախավորել եւ շարունակում է թիրախավորել Արցախի եւ Հայաստանի տնտեսությունները։