ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱՅՔԱՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ ընդունել է Հայաստան ժամանած՝ ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգող Ռիչարդ Նեֆյուի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել նաեւ ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգողի խմբի ղեկավար Քրիստեն Ֆրեսոնկը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության ծրագրի (INL) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանը:

 

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հակակոռուպցիոն ոլորտում Գլխավոր դատախազության կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարում ԱՄՆ-ի հետ համագործակցության զարգացման հեռանկարները:

Աննա Վարդապետյանը, մասնավորապես, անդրադարձել է Գլխավոր դատախազությունում 2020 թվականին ձեւավորված՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության աշխատանքներին եւ գրանցված արդյունքներին: ՀՀ գլխավոր դատախազն այս համատեքստում ԱՄՆ գործընկերներին տեղեկացրել է, որ ներկայում Հակակոռուպցիոն դատարանում քննվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 94 հայցադիմում, որոնցով Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 1050 անշարժ եւ 210 շարժական գույք, շուրջ 280 իրավաբանական անձանցում մասնակցություն, ինչպես նաեւ ավելի քան 510 մլրդ դրամ (շուրջ 1 մլրդ 253 մլն ԱՄՆ դոլար): «Ունենք նաեւ հաջողության պատմություններ՝ հաստատված հաշտության համաձայնությունների տեսքով, որոնցով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 6 անշարժ եւ 1 շարժական գույք, ինչպես նաեւ շուրջ 80 մլն դրամ»,- ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազն ու հավելել, որ կնքված հաշտությունների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 2 մլրդ 200 մլն դրամ (շուրջ 5 մլն 405 հազար ԱՄՆ դոլար):

Ռիչարդ Նեֆյուն շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքներն ու գործիքները ներկայացնելու համար եւ ընդգծել, որ Հայաստան կատարած այցի նպատակը հակակոռուպցիոն պայքարին աջակցելն է:

Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել ամերիկյան գործընկերների հետ Գլխավոր դատախազության փոխգործակցությունն ու դրա շրջանակում Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության եւ Գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանն ուղղված աջակցությունը:

Աննա Վարդապետյանն ընդգծել է Գլխավոր դատախազության պատրաստակամությունը՝ ուղղված փոխգործակցության ընդլայնմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ Թ. ԱՍԻԼՅԱՆԻ ՏԱՆ ՎՐԱ

Հունվարի 14-ին՝ կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ իրենց տան ուղղությամբ կրակում են:

Դեպքի վայր՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղ, օպերատիվ խումբ է մեկնել:

Պարզվել է, որ անհայտ անձը ինքնաձիգից կրակոցներ է արձակել վերոհիշյալ տան դարպասի ուղղությամբ՝ պատճառելով գույքային վնաս:

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Նաիրիի, Կոտայքի եւ Հրազդանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաեւ քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ երեք երիտասարդներ, որոնցից երկուսը՝ Ուջան գյուղի, մեկը՝ Երեւանի բնակիչ, գումարային հարցերի շուրջ պարզաբանումների նպատակով նրանցից մեկի «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով գնացել են Քասախ եւ անհարգալից վերաբերմունք դրսեւորել տան բնակիչների նկատմամբ, այնուհետեւ ուջանցի 33-ամյա երիտասարդը ինքնաձիգից կրակոցներ է արձակել դարպասի ուղղությամբ՝ վնասելով այն:

33-ամյա երիտասարդը ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ խուլիգանության մյուս մասնակիցներին եւ հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ տունը, որի վրա կրակել էին, պատկանում է ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին։

 

 

 

ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ

Հունվարի 11-ի ուշ երեկոյան Արամուս գյուղում գործող հացատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության եւ մեկ անձի վնասվածք հասցնելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված 5 անձանցից մեկը ազատվել է արգելանքից, իսկ 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Վերջիններիցս մեկին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը՝ կատարված զենքի գործադրմամբ), եւ դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Մյուս երեք անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ կատարված խմբի կազմում)։

Միջնորդություն է ներկայացվել դատարան նրանցից մեկի նկատմամբ եւս կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Մյուս երկու մեղադրյալների նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը, եւ նրանք ազատ են արձակվել։

Նախաքննությունը, բնականաբար, շարունակվում է»,- գրել է նա։

 

 

ՄԱՔՍԱՅԻՆԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ

Երեկ ԱԺ նիստում քննարկվեց «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ անելու նախագիծը, որով նախատեսվում է մաքսային հսկողության գոտում որեւէ գործունեություն ծավալելու, որեւէ բան վաճառելու համար ունենալ մաքսայինի թույլտվությունը: Անմաքս առեւտրի ծառայություններ մատուցող ընկերությունները պետք է նախաորակավորում անցնեն, հետո կազմակերպվի մրցույթ՝ համապատասխան տարածք զբաղեցնելու համար: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին հարցրեց. «Վերջերս շատացել են առանց ակցիզ, անօրինական ծխախոտներն ու ոգելից խմիչքները. ի՞նչ պայքար է տարվում դրա դեմ: Եվ ապօրինի թմրանյութերի շրջանառության հետ կապված ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, որ դրանք չներթափանցեն ՀՀ: Պարզ է, որ դրանք անցել են սահմանով եւ ոչ պատշաճ վերահսկողության արդյունքում հայտնվում են ՀՀ-ում. աղետալի պատկեր է»:

Բադասյանը պատասխանեց. «Վերջին բոլոր խոշոր բացահայտումները եղել են Հարավային սահմանին, եւ անցումը կատարվել է ոչ թե մաքսակետով, այլ կետի վրայով՝ նետման միջոցով: Մետամֆետամինի խոշոր դեպքեր են եղել, մասնավորապես՝ երեք-չորս վերջին դեպքերը. մենք միշտ մոնիտորինգ ենք արել՝ տեսնելու՝ դա մաքսակետով է անցել արդյոք: Բայց սա չի նշանակում, որ մաքսակետում ռիսկ չունենք կամ ամեն օր ՀՀ ուղարկվող փոստային առաքանիներում ռիսկ չունենք: Պարզ է, որ որոշ ծավալ չի հայտնաբերվում»: Ինչ վերաբերում է ծխախոտին, նա նշեց, որ անցյալ տարի ունեցել են առանց ակցիզ ծխախոտի առգրավման դեպքեր:

 

 

 

ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները կեղծ թղթադրամներ իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին հունվարի 13-ին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բաժին հրավիրված մասիսցի տղամարդը հայտնեց, որ հունվարի 12-ին պարտքով փող է խնդրել 20-ամյա համաքաղաքացուց, նա էլ խաբեությամբ, իր վստահությունը չարաշահելու եղանակով իրացրել է կեղծ թղթադրամ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 20-ամյա երիտասարդը Մասիս քաղաքի հրապարակում հայտնաբերվել եւ տեղափոխվել է բաժին, որտեղ տաբատի գրպանից ինքնակամ ներկայացրել է կեղծ թղթադրամներ՝ հայտնելով, որ բնակարանում պահում է հուշանվեր թղթադրամներ: Երիտասարդն իր տանը ոստիկաններին է ներկայացրել տարբեր անվանական արժեքներով ընդհանուր 14 միլիոն 979 հազարի հուշանվեր թղթադրամներ: Նա հայտնել է, որ հուշանվեր թղթադրամները ձեռք է բերել առեւտրային կայքից: 20-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Նա եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

 

 




Լրահոս