ՄՏԱՀՈԳՎԱԾ Է «ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹԻ ԼՐԱԳՐՈՂԻ ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարությունն իր մտահոգությունն է հայտնել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանին ԱԺ հավատարմագրումից զրկելու կապակցությամբ: Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի նամակի՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչին ուշադրություն է հրավիրել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի մասնագիտական իրավունքների խախտման ակնհայտ փաստի վրա: Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Ազգային ժողովում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿՊՀ) անդամների թեկնածության քննարկման ժամանակ, իշխող ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԱԺ ամբիոնից թիրախավորել էր «Ժողովուրդ» օրաթերթին, քանի որ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր ՔՊ-ի եւ ԿՊՀ անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանի փակ հանդիպման մանրամասները, որտեղ իշխանական պատգամավորները ճնշել էին Հայկուհի Հարությունյանին: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը ԱԺ միջանցքում Արթուր Հովհաննիսյանից պահանջել էր բացատրություն տալ հնչած ծանր մեղադրանքների վերաբերյալ: ՔՊ քարտուղարին հարց տալու համար ԱԺ-ն զրկեց լրագրողին հավատարմագրումից: «Ժողովուրդ» թերթը նամակով կատարվածի մասին տեղեկացրել էր Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչին, որը, մեր գրությանը ի պատասխան, հայտնել է. «Շնորհակալություն ենք հայտնում ձեր վերջին նամակի համար, որը գլխավոր քարտուղարի ուշադրությունը հրավիրում է տիկին Մանուկյանի հավատարմագիրը ՀՀ Ազգային ժողովում չեղարկելու վրա։ Փաստաթուղթը փոխանցվել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության համապատասխան ծառայություններին: Օգտվելով առիթից՝ նշենք, որ լրատվամիջոցների ազատության հետ կապված մտահոգությունները կարող են զեկուցվել նաեւ Եվրոպայի խորհրդի հարթակին՝ լրագրության պաշտպանությունը եւ լրագրողների անվտանգությունը խթանելու համար: Հարթակը նպատակ ունի բարելավել լրագրողների պաշտպանությունը, ավելի արդյունավետ հասցեագրել լրագրողների նկատմամբ կիրառվող սպառնալիքները եւ բռնությունները, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում խթանել վաղ նախազգուշացման մեխանիզմները եւ արագ արձագանքման կարողությունները»: Այսպիսով, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը մտահոգված է ՀՀ-ում լրագրողին հավատարմագրից զրկելու դեպքի առիթով:

 

 

Ազգային Ժողովի 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի քննարկվող նախագծերի շարքում է թաքնված՝ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։ Այն ենթադրում է հետեւյալը. ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ներդնել կատարողականի գնահատման հիման վրա Կոմիտեի ծառայողներին հավելավճար տրամադրելու գործիքակազմ՝ հաշվի առնելով ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու եւ կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությունը: Բանն այն է, որ, ըստ նշված նախագծի, պարգեւավճարներ ստանալը դառնում է օրենքով սահմանված կարգ, ինչը պարգեւավճարների որոշումներ ստորագրողին ազատում է պատասխանատվությունից։ Նախատեսվում է, որ հավելավճարի հաշվարկման կարգով պետք է սահմանվի, որ դրա ձեւավորման ժամանակ հաշվի են առնվելու օրենքով նախատեսված պատրաստում կամ վերապատրաստում անցած լինելու հանգամանքը, որի պարագայում աշխատակիցն արդեն իսկ ունենալու է հավելավճարի 30 տոկոսը ստանալու իրավունքը: Ընդ որում՝ եթե աշխատողն ունենա Կառավարության կողմից սահմանված որակավորում եւ հարկային/մաքսային ոլորտի այլ հավաստագիր, ապա այդ աշխատողի համար պատրաստում կամ վերապատրաստում անցած լինելը հավելավճար ստանալու համար պարտադիր չի լինի, եւ նա արդեն իսկ կունենա հավելավճարի 30 տոկոսը ստանալու իրավունքը: Եթե կարճ ձեւակերպենք, ապա նախագծը «պարգեւավճար» եզրույթը դարձնում է «հավելավճար», իսկ պարտավորությունը դնում է պետության ուսերին՝ ասելով, որ դա օրենքն է ենթադրում, այլ ոչ թե որեւէ պաշտոնյա է կամայական որոշում:

 

 

 

Նախորդ տարի՝ տարեվերջին, մեծ շուքով շահագործման հանձնվեց Գեղարքունիքի մարզի «Մարտունի» բժշկական կենտրոնը, որի կառուցման համար ՀՀ կառավարությունը պետական բյուջեից տրամադրել է 2 մլրդ 470 մլն դրամ կամ մոտ 6.5 մլն ԱՄՆ դոլար։ Տեղեկացնենք, որ հիվանդանոցի կառուցման նախագիծն առաջարկվել է 2019 թվականին՝ նախարար Արսեն Թորոսյանի օրոք, որի կառուցումը սկսվել է 2020 թվականին, եւ այն պետք է սպասարկեր 89 հազար բնակչության։ Այս տարիների ընթացքում՝ 2021-2022 թվականներին, Արսեն Թորոսյանը պարբերաբար մարզեր այցերի շրջանակներում այցելում էր նաեւ «Մարտունի» ԲԿ, իսկ 2023 թվականի ընթացքում գործող նախարար Անահիտ Ավանեսյանը բազմիցս այցելեց «Մարտունի» բժշկական կենտրոն։ Նախորդ տարվա նոյեմբերին կայացավ հիվանդանոցի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ «Ժողովուրդ» օրաթերթը հիվանդանոցի շատ աշխատակիցներից տեղեկացավ՝ նոր կառուցված շենքը շահագործման է հանձնվել ճաքճքած պատերով, սալիկներով, սակայն նոյեմբերին Փաշինյանը ոչ ոքի աշխատանքից չազատեց եւ չպատժեց կատարված անորակ աշխատանքի համար։ Հավելենք նաեւ, որ 200-հոգանոց բուժաշխատակազմից հիվանդանոցի բացմանը թույլ են տվել մասնակցել ընդամենը 8-9 հոգու, ինչը խտրական վերաբերմունք է բժիշկների հանդեպ։                              Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության բաժնի պետ Տիգրան Մարտիրոսյանի դատական նիստից առաջ ուշագրավ իրադարձութուններ են ծավալվել Հակակոռուպցիոն դատարանում: Ըստ այդմ՝ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյայի գործով դատարան ներկայացած կանանցից մեկի մոտ եղել է ծալովի դանակ, որը կարգադրիչները հայտնաբերել են եւ առգրավել: Երբ դիմեցինք ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ՝ լուրի իսկությունը պարզելու, հայտնեցին, որ դատական կարգադրիչների մոտ առկա է արգելված իրերի ցանկ, եւ այն բոլոր քաղաքացիները, որոնց մոտ հայտնաբերվում է որեւէ արգելված իր, առգրավվում է եւ նիստի ավարտից հետո վերադարձվում քաղաքացուն: Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Ռաֆիկի Մարտիրոսյանի գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան՝ քննության:                 Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:

 

 




Լրահոս