ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի համագործակցությունը հասարակական-քաղաքական դաշտում դարձել է բուռն քննարկման թեմա: Շատերի համար անհասկանալի և անընդունելի է Գագիկ Ծառուկյանի շուրջ համախմբվելը: Armlur.am լրատվականի թղթակիցը ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանից հետաքրքրվեց` որն է երաշխիքը, որ ԲՀԿ-ն այս գործընթացից հետ չի կանգնի այնպես, ինչպես արեց ժամանակին ԲՀԿ առաջնորդը՝ հրաժարվելով մասնակցել նախագահական ընտրություններին
–Պրն. Մարգարյան, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չմասնակցեց նախագահական ընտրություններին այն դեպքում, երբ դրանից առաջ Բրյուսելում հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները կոռումպացված են, և անհրաժեշտ է քայլեր անել այդ ուղղությամբ: Այսինքն` չմասնակցելով ընտրություններին` Ծառուկյանը հարմարվեց այն վիճակին, որը քննադատել էր:
-Իսկ ո՞վ ասաց, որ Գագիկ Ծառուկյանը հարմարվեց: Այսօրվա գործունեությունը ենթադրում է, որ չհարմարվեցին ո՛չ նա, ո՛չ ԲՀԿ-ն: Կարծում եմ` ոչ, չի համակերպվել այս վիճակին և ելքեր է փնտրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Չառաջադրելը պայմանավորված է քաղաքական հաշվարկներով և օբյեկտիվ պատճառներով: Այս պահին որևէ խանգարող հանգամանք չկա, որը ստիպի ԲՀԿ-ին ճանապարհի կեսից ետ կանգնել: Ճամփի կեսից ոչ ոք հենց այնպես ետ չի կանգնում: Նախագահական ընտրություններին չառաջադրվելը ճամփի կեսից ետ կանգնել չէր: Մենք չէինք հայտարարել, որ հաստատ մասնակցելու էինք նախագահական ընտրությունների:
-Ի՞նչը կարող է ստիպել ԲՀԿ-ին հրաժարվել ԱԺ ոչ իշխանական երեք ուժերի հետ համագործակցությունից: -Այս գործընթացում ես չեմ տեսնում մի պատճառ, որը կարող է խանգարել այդ ուժերի համագործակցությանը:
Սոնա Դավթյան