Ռուսաստանի Պետդումա կներկայացվի օրինագիծ, որը նախատեսում է գույքի բռնագրավում ՌԴ Զինված ուժերի մասին կեղծ տեղեկատվություն տարածելու համար՝ հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Յուրաքանչյուր ոք, ով փորձում է կործանել Ռուսաստանը, դավաճանում է այն, պետք է արժանի պատիժ կրի և իր ունեցվածքի հաշվին փոխհատուցի երկրին հասցված վնասը»,- նշել է Վոլոդինը:
Նրա խոսքով՝ օրինագիծը թույլ կտա առգրավել գումարներ, արժեքավոր իրեր կամ այլ գույք, որոնք օգտագործում են «ՌԴ անվտանգության դեմ հանցավոր գործունեությունը ֆինանսավորելու համար»: Դատարանի որոշմամբ՝ որոշ դեպքերում հնարավոր կլինի նաև զրկել պատվավոր կոչումներից։
Օրինագիծը վերաբերում է ՌԴ զինված ուժերի օգտագործման մասին կեղծ տեղեկատվության տարածմանը, ՌԴ ամբողջականության խախտմանն ուղղված գործողությունների իրականացման հրապարակային կոչերին, ծայրահեղական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչերին, գործողություններին, որոնք ուղղված են ՌԴ զինված ուժերի օգտագործումը վարկաբեկելուն և այլն: