Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Վերջինը ծանրաձողին մոտեցան գերծանր քաշային տղամարդիկ, որոնց թվում էր նաև Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչը` Ռուբեն Ալեքսանյանը: Ըստ նախնական պատվերների Ռուբեն Ալեքսանյանը նվազագույնը պետք է երկամարտի արդյունքում նվաճեր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում` արծաթե: Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահեց 185 կգ ծանրաձողը (նախնական պատվիրածից 5 կգ ավել), ինչն այս վարժությունում ընդամենը 10-րդ արդյունքն էր, սակայն հրում վարժությունում Ալեքսանյանի նախնական պատվերը հուսադրող էր. նրանից ավելի պատվիրել էր միայն աշխարհի չեմպիոն իրանցի Բեհդադ Սալիմկորդասիաբին: Ռուբեն Ալեքսանյանը առաջին փորձով մեծ դժվարությամբ բարձրացրեց 240 կգ ծանրաձողը, սակայն մրցավարները չհաշվեցին նրա մոտեցումը. նա դուրս էր եկել գորգի սահմաններից: Երկրորդ մոտեցման ժամանակ հայ մարզիկը նույն 240 կգ ծանրաձողը վստահ դրեց կրծքավանդակին, բայց չկարողացավ պահել գլխավերևում, իսկ երրորդ փորձն ընդհանրապես չստացվեց և Ռուբեն Ալեքսանյանը դարձավ 4-րդ հայ ծանրամարտիկը, ով 0 միավոր ստացավ: Փարիզի աշխարհի առաջնությունը միանշանակ ձախողված էր Հայաստանի հավաքականի համար: Երբ մեկ մարզիկ է ձախողվում, տարբեր պատճառներ են մատնանշվում, երկուսի, անգամ” երեքի դեպքում կարելի է մի քանի պատճառ գտնել, սակայն երբ ամբողջ հավաքականն է տապալվում” ուժեղ հավաքականը, ապա այստեղ խնդիրը շատ ավելի խորն է և հարկավոր է լուրջ հետևություններ անել, այլապես առջևում օլիմպիական խաղերն են. Լոնդոնում նման ելույթները չեն ներվի: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Փարիզ էր մեկնել 10 մարզիկներով և ընդամենը մեկ փոքր բրոնզե մեդալ նվաճեց. 77 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Մարտիրոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 166 կգ ծանրաձողն ու գրավեց երրորդ տեղը:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը տապալվեց աշխարհի առաջնությունում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ