Այսօր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առնո Բաբաջանյան (հունվարի 22, 1921թ. – նոյեմբերի 11, 1983թ.), հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ (1971թ.): Առնո Բաբաջանյանը 1929թ. ընդունվել է Երևանի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը: 1947թ. ավարտել է նույն կոնսերվատորիայի ստեղծագործական, 1948թ.՝ Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինները: 1946-1948թթ. կատարելագործվել է Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1950-1956թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում:

Որպես դաշնակահար աչքի է ընկել հատկապես իր ստեղծագործությունների կատարմամբ: Նրա ստեղծագործական ոճը ձևավորվել է հանրահայտ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ: Դա առավել արտահայտվել է նրա առաջին երկու գործերում՝ դաշնամուրի և ջութակի կոնցերտներում:

Սակայն Բաբաջանյանի ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է հատկապես դաշնամուրի և նվագախմբի համար գրած «Հերոսական բալլադում», ապա դաշնամուրային տրիոյում: Բաբաջանյանի ինքնատիպ ոճը դրսևորվել է նաև ջութակի ու դաշնամուրի սոնատում, թավջութակի կոնցերտում: Նրա «Վաղարշապատի պար», «Պրելյուդ» և «Էքսպրոմտ» գործերն արժանացել են բարձր գնահատականի:

Մեծ ժողովրդականություն են վայելում «Էլեգիա», «Հայկական ռապսոդիա» (համահեղինակ՝ Ալեքսանդր Հարությունյան), «Նոկտյուրն» երկերը: Ժամանակի նորարար շնչով են ստեղծվել «Պոլիֆոնիկ սոնատը» (1947թ., 2-րդ խմբ.՝ 1956թ.), «Վեց պատկերը» (1965թ., ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1966թ.), № 3 կվարտետը (1976թ.):

Կոմպոզիտորի բացառիկ տաղանդը խոր զգացմունքայնությամբ դրսևորվել է նաև նրա երգերում: Հանրահայտ են Բաբաջանյանի «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր» և այլ երգեր, որոնք կատարվել են ԽՍՀՄ-ում և արտասահմանում:

Գրել է նաև երաժշտություն թատրոնի («Իմ սիրտը լեռներում է») և հայկական կինոնկարների համար՝ «Հասցեատիրոջ որոնումները» (1955թ.), «Ամպրոպի արահետով» (1956թ.), «Առաջին սիրո երգը» (1958թ., համահեղինակ՝ Ղազարոս Սարյան), «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976թ.), «Երջանկության մեխանիկան» (1982թ.) և այլն:

Մահացել է 1983թ.-ի նոյեմբերի 11-ին: 1991թ. Մոսկվայում, իսկ 1996թ. Երևանում ստեղծվել են «Առնո Բաբաջանյան» հիմնադրամները: Երևանում Բաբաջանյանի անունով կոչվել են Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, փողոց, երաժշտական ուսումնարան, իսկ 2003թ. կանգնեցվել է հուշարձանը:




Լրահոս