Հարկային և մաքսային համակարգերում շարունակվում են նոր՝ բարեվարքության ստուգման մեխանիզմով կադրերի ընդունելության, պատրաստման և համալրման գործընթացը:
Այս մասին զեկուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Պետական եկամուտների կոմիտե 2023 թ. գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ:
Մաքսային ծառայողների բարեվարքության ուսումնասիրության արդյունքում 77 մաքսային ծառայող չի հաղթահարել բարեվարքության հարցազրույցի փուլը: Իսկ 2023-ի ընթացքում իրականացված 57 ծառայողական քննության արդյունքում 55 ծառայող ենթարկվել է տարբեր կարգապահական պատասխանատվության, 4 աշխատակից ազատվել է ծառայությունից։
Ներկայացվել են նաև առաջիկա ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հարկային կարգապահության բարելավմանը (դատական պրակտիկա, ծախսերի փաստաթղթավորում, տրանսֆերային գնագոյացում), տեղեկատվության աղբյուրների ընդլայնմանը (ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակում, կրիպտոակտիվներ), ռիսկերի համակարգի ու միջազգային հարկային ռիսկերի նոր ընթացակարգերի ներդրմանը և միջազգային համագործակցությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև ՊԵԿ-ում աշխատանքի կատարողականի հիման վրա խրախուսական համակարգի կատարելագործման մեխանիզմներին: