ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` հունվարի 20-ին Չարենցավանի «Ղարս» խնջույքի սրահի բակում կրակոցներ են հնչել։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` բանակի զորացրման առթիվ խնջույք է կազմակերպվել։ Արդյունքում, ըստ ականատեսների, բանակից զորացրվածի եղբայրը ռեստորանի բակում վիճել է մի քանի այլ երիտասարդների հետ, սկսվել է ծեծկռտուք, որի ժամանակ միջադեպի մասնակիցներից մեկը հանել է գազային ատրճանակն ու կրակել օդ։
Ավելի ուշ՝ ոստիկանությունը հայտնեց․
«Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին՝ ներկայացնելով գազային ատրճանակը:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին:
Խուլիգանության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Չարենցավանի բաժին են տեղափոխվել միջադեպի մյուս չորս մասնակիցները: Նրանք նույնպես ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին:
Նախաքննությունը շարունակվում է»:
Քնար Մանուկյան