Մայրաքաղաքում շտապօգնության մեքենաների պակաս կա․ ինչով է զբաղված Անահիտ Ավանեսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած ոլորտի ձախողումների ու խնդիրների մասին կարելի է երկար խոսել։

Եւս մեկ հույժ ուշագրավ խնդրի մասին պարզ դարձավ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։ Քաղաքապետարանի պաշտոնյան՝ առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը տեղեկացրել է, որ առողջապահության նախարարի հրամանով յուրաքանչյուր 20.000 բնակչին նախատեսված է շտապօգնության 1 շարժակազմ։ Ըստ նրա՝ Երևանն այսժմ պաշտոնական տվյալներով ուն ի 1 մլն 75 հազար բնակիչ, ինչը նշանակում է, որ քաղաքին պետք է առնվազն 53-55 շարժակազմ. «Այս պահին աշխատում է 43 շարժակազմ։ Դիմել ենք առողջապահության նախարարին՝ ակնկալելով ավելացնել շարժակազմերը»,-ասել է նա՝ միաժամանակ անդրադառնալով շտապօգնության կանչերի սպասարկմանն ու ասելով, թե հունվարին ուշացումները 9.5 տոկոս են կազմել։ Պատճառներից մեկը շտապօգնության բրիգադների թիվն է, երբ չեն հասցնում մեկնել զանգերի հետևից։

Եւ ամեն անգամ նման դեպքերում հարց է առաջանում. ո՞ւր է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ինչո՞վ է զբաղված, եթե մայրաքաղաքում շտապօգնության մեքենաների թվի ավելացման կարիք կա, բայց չկա նախարարի համապատասխան հրամանը։ Ինչո՞ւ չեն ավելացել շտապօգնության բրիգադների թիվը, եթե ակնհայտ է, որ մայրաքաղաքի բնակչությունը գնալով աճում է, ավելանում են ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլև շատ են այլազգիներ։ Այս ամենը անզեն աչքով կարելի է նկատել։ Չհաշված վիճակագրական կոմիտեի տվյալները՝ բնակչության թվի ավելացման մասին։ Իսկ Անահիտ Ավանեսյանն անհաղորդ է կարծես այս ամենին։ Նույնը նաև իր վերադաս Նիկոլ Փաշինյանի մասին կարելի է ասել, որ զբաղված է «ցնցուղ-կախիչ» օպերացիաներով, բայց ոչ երբեք կարևորագույն հարցերով։

Էլ չենք ասում այն մասին, որ Անահիտ Ավանեսյանը, երբ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խոսում էր շտապօգնության բժիշկների մասին, այդպես էլ նորմալ չէր անդրադարձել խնդիրներին՝ փորձելով դրանք սքողել՝ այդպես թաքցնելով իր թերացումներն ու ոլորտի խնդիրները։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն այս հարցի հետ կապված մեզ փոխանցեց.

«Քաղաքապետարանը դիմել է, և ընդառաջ գնալով խնդրանքին` շտապօգնության 3 մեքենա կտրամադրենք»:




Լրահոս