«Սպառնալիքներ են հնչեցրել, ասել են՝ չափերիդ մեջ մնա»․ Երևանի ավագանու անդամ Նարե Հայրապետյանը աղմկահարույց միջադեպից հետո լքել է երկիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Հայրապետյանը (Նարե Սոսե) ենթարկվել է առեւանգման։
Նա ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Թոթովենց փողոցից իրեն անհայտ անձինք ստիպողաբար իրեն նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա տեղափոխել իրեն անծանոթ անհայտ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։

ArmLur.am-ի հետ զրույցում «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը պատմեց, որ այս պահին Նարե Հայրապետյանի հետ կապ հաստատվել չի հաջողվում, իր տեղեկություններով՝ վերջինս աղմկահարույց միջադեպից հետո լքել է երկիրը.

«Նարեն միջադեպից հետո մեզ պատմեց, որ ոստիկանությունն առգրավել է հեռախոսը, նրա հետ այս պահին չենք կարողանում կապ հաստատել, բայց մեր տեղեկություններով՝ ինքը Հայաստանում չէ, չգիտենք՝ ուր է, հավանաբար, սպառնալիքների ներքո է լքել երկիրը, այլ տարբերակ այս պահին չեմ պատկերացնում:
Նրա պատմելով՝ առևանգած տղամարդը 60-65 տարեկան է եղել, բայց ինքը դեմքով չի ճանաչել: Այդ տղամարդը իր հետ զրույց է ունեցել հանրային գործունեության թեմայով, սպառնալիքներ է հնչեցրել, ասել է՝ չափերիդ մեջ մնա, խելոք պահի քեզ և նման բաներ: Դրանից հետո հետո նույն ձևով նրան հետ են տարել Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել: Երբ նա մեզ պատմեց միջադեպի մասին, հորդորել ենք անմիջապես դիմել ոստիկանություն, քանի որ կոնկրետ տեղեկություն չկա՝,որ շրջանակներից է նրան առևանգողը և ինչ էին ուզում»,- միջադեպից մանրամասներ ներկայացրեց Թևանյանը՝ շեշտելով՝ սա սովորական դեպք չէ, ոստիկանությունը պետք է օր առաջ բացահայտի միջադեպի մանրամասներ:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս