Քննարկվել է ԼՂ-ից տեղահանված երեխաների հանգիստն ամառային արձակուրդի ընթացքում Հունգարիայում կազմակերպելու հնարավորությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա ուղղություններին, մասնավորապես՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև երեխաների իրավունքների պաշտպանության, զբաղվածության և սոցիալական բնակարանաշինության ոլորտներում համատեղ աշխատանքների կազմակերպման հնարավորությանը։

Ներկայացնելով տեղահանված անձանց ուղղությամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերը՝ նախարար Մկրտչյանն ընդգծել է նաև վերջիններիս կենսապայմանների բարելավման և զբաղվածության ապահովման կարևորությունը։ Այս համատեքստում դիտարկվել է իրականացվող մի շարք ծրագրերում հունգարական կողմի ներգրավման հարցը։

Աննա Մարիա Շիկոն ևս կարևորել է նախարարության հետ համագործակցությունը և նշել, որ պատրաստակամ են անհրաժեշտ ջանքեր ներդնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված գործընթացում։ Դեսպանի առաջարկով՝ քննարկվել է տեղահանված երեխաների հանգիստն ամառային արձակուրդի ընթացքում Հունգարիայում կազմակերպելու հնարավորությունը։

Նախարար Մկրտչյանը ողջունել է դեսպանի առաջարկը և նշել, որ նմանօրինակ ծրագիր արդեն իսկ իրականացվել է Սլովենիայի և Կիպրոսի հետ, որի շրջանակում ԼՂ-ի, ինչպես նաև ՀՀ սահմանամերձ համայնքների երեխաները հնարավորություն են ունեցել այցելել տվյալ երկրներ՝ մասնակցելով կրթական և ուսուցողական տարբեր միջոցառումների։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկված հարցերը հընթացս տեղափոխել գործնական փուլ։




Լրահոս