Հայաստանյան պատվիրակությունը Գերմանիայում քննարկել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի իրագործան քայլերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան պատվիրակության կազմում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը հունվարի 7-11-ն մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող «Gerkan, Marg and Partners» ճարտարապետական ընկերության հրավերով։

Այցի նպատակն էր քննարկել Հայաստանում «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի իրագործման հետագա քայլերը, ծանոթանալ նմանատիպ նախագծերի իրագործման գերմանական փորձին և «Gerkan, Marg and Partners» ճարտարապետական ընկերության գործունեությանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի, Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունն այցելել է Բեռլինում և Մյունխենում գործող տեխնոլոգիական կենտրոններ, «GMP» ընկերության գրասենյակ, մասնակցել Ակադեմիական քաղաքի կառուցման նպատակով փորձի փոխանակմանը և գլխավոր հատակագծի մշակման շրջանակում համագործակցությանն առնչվող հարցերի քննարկմանը։

Համալսարանական կամպուսներ, մշակութային, տեխնոլոգիական և այլ կենտրոններ այցի ընթացքում դիտարկվել են ինչպես ճարտարապետական նոր լուծումներով ստեղծված համալիրների, այնպես էլ գոյություն ունեցող կառույցների վերաօգտագործման հաջողված օրինակներ, կիրառված կոնստրուկտիվ լուծումներն ու հնի և նորի համադրությամբ նախագծված գեղագիտական բարձր հատկանիշներով ժամանակակից կառույցները։

Պատվիրակության անդամները եղել են Ադլերշոֆում գտնվող գիտահետազոտական-կրթական նոր թաղամասում, ծանոթացել ստեղծված ենթակառուցվածքներին, կառավարման առանձնահատկություններին։ Իսկ Բեռլինի նախկին օդանավակայանի տարածքում կառուցվող Տեգել տեխնոլոգիական կենտրոն այցի շրջանակում ծանոթացել են տարածքի հեռանկարային օգտագործման տեսլականին, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման մոտեցումներին։ Շրջայցեր են եղել նաև Մյունխենի տեխնիկական համալսարանի Գարխինգի կամպուսում, «Gasteig HP8» մշակույթի կենտրոնում, Բեռլինի «Էյնշտեյն կենտրոնում»:

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ու «Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» ՍՊԸ («TUM International GmbH») միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ «Ակադեմիական քաղաք» նախագծի շարունակական զարգացման համար համագործակցային կապերի հաստատման նպատակով։ Հուշագրի շրջանակում նախատեսվում է խորհրդատվության տրամադրում տեխնոլոգիական կլաստերի կառուցվածքի մշակման, կառավարման, ակադեմիական անձնակազմի վերապատրաստման և այլ ուղղություններով:




Լրահոս