Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Ստեփանավանի, Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը, Երևան-Սևան ավտոճանապարհի 24-ից 33-րդ կմ-ը փակ են կցորդիչով բեռնատարների համար: Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Սյունիքի մարզի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։
Լոռու, Շիրակի, Կոտայքի մարզերում, Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող տարածքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Սևան-Գավառ ավտոճանապարհին, Գորիս, Սիսիան, Քաջարան, Ջերմուկ, Բերդ, Դիլիջան, Ճամբարակ, Արագած, Թալին քաղաքներում, Գորայքի, Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Վարդենյաց լեռնանցքում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է: Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապահահատվածին, Երևան-Սևան ավտոճանապարհի 26-35-րդ կմ-ին մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։